Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Նախագահն անընդունելի է համարում տնտեսության վրա ֆինանսական համակարգի միջոցով արհեստականորեն ազդելու փորձերը

28.12.2017, 20:39
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահն անընդունելի է համարում տնտեսության վրա ֆինանսական համակարգի միջոցով արհեստականորեն ազդելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է թե՛ տնտեսության, թե՛ քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխեն 2018 թվական և ամրապնդվեն ու ավելի շատանան:

Նա շեշտել է, որ այդ տնտեսական ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ առևտրային բանկերի դերակատարությունը։

«Շատ կարևոր է, որ դուք, իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում: Ձեր օրինակը ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա:

Նախագահը նշել է, որ ֆինանսական համակարգը շատ բաներով կանխորոշում է երկրի առաջընթացը, տնտեսական աճը, բայց երբ դրա հիմքում ընկած են օբյեկտիվ իրականություններ, այլ ոչ թե արհեստականորեն մտացածին բաներ։

Ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկային համակարգի աշխատակիցներին անցնող տարում համակարգի զարգացման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հետագա հաջողություններ: -0-