Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՎՏԲ բանկը ռուբլով վարկեր կառաջարկի հայ արտադրողներին

07.08.2015, 16:21
ՎՏԲ բանկը պատրաստվում է հայ արտադրողներին առաջարկել, որ նրանք անցնեն ռուբլով վարկերի, լրագրողներին ասաց ՎՏԲ բանկի վարչության նախագահի տեղակալ Միխայիլ Օսեևսկին։
ՎՏԲ բանկը ռուբլով վարկեր կառաջարկի հայ արտադրողներին
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ բանկը պատրաստվում է հայ արտադրողներին առաջարկել, որ նրանք անցնեն ռուբլով վարկերի, լրագրողներին ասաց ՎՏԲ բանկի վարչության նախագահի տեղակալ Միխայիլ Օսեևսկին։

«Մենք տեսնում ենք, որ ազգային արժույթները թուլանում են, ինչը բնորոշ է զարգացող բոլոր շուկաներին։ Իհարկե, բավականին ուժեղ ազդեցություն են գործում ԱՄՆ–ում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես` հաշվարկային դրույքի բարձրացման սպասումը, որտեղ դոլարն ու նրա գործիքները ներկայացվում են ավելի գրավիչ տեսանկյունից, և մենք, իհարկե, սպասում ենք ազգային արժույթների հետագա թուլացում, ինչի պատճառով պետք է կատարենք համապատասխան փոփոխություններ», – ասաց Օսեևսկին։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով Հայաստանի Կենտրոնական բանկի և կառավարության ղեկավարության հետ քննարկվել են համագործակցության մասին նոր մոտեցումներ։

«Այստեղ հիմնական կարևոր գործոնը հայ արտադրողներին աջակցելն է, ովքեր Ռուսաստանում վաճառում են սեփական ապրանքներն ու ծառայությունները։ Սա գլխավոր տնտեսական և քաղաքական խնդիրն է ԵՏՄ–ի շրջանակում, որը մենք պետք է լուծենք», – ընդգծեց Օսեևսկին։

«Հաշվի առնելով տատանումների հետ կապված բարդ իրավիճակը` մենք հայ արտադրողներին կառաջարկենք անցնել ռուբլով վարկերի, ինչը կօգնի նվազեցնել արժութային ռիսկերը։ Այսօր մենք տեսնում ենք, որ իրավիճակի կառավարումը բարդացել է, այն պայմաններում, երբ վարկերը տրամադրվում են դոլարով, ինքնարժեքը մնում է դրամով, իսկ վաճառքը Ռուսաստանում իրականացվում է ռուբլով։ Հենց այդ պատճառով մենք կառաջարկենք մեր հաճախորդներին անցնել ռուբլով ուղիղ վարկավորման` ռիսկերը նվազեցնելու համար», – ավելացրեց նա։

Նրա խոսքով` այսօր ֆորմալ տեսակետից ՎՏԲ–ն կարող է վարկավորել ազգային ընկերություններն ինչպես Հայաստանում գործող դուստր բանկի միջոցով, այնպես էլ ուղիղ Ռուսաստանից։

«Մեզ համար կարևոր չէ, թե որտեղ կտանք վարկը` Մոսկվայում, թե այստեղ` Երևանում, գլխավորն այն է, որ հանվեն խաչաձև սահմանային արժութային ռիսկերը», – ասաց Օսեևսկին։

«Այսօր մենք Ռուսաստանում գործող ընկերությունները վարկավորում ենք ռուբլով 14–15 տոկոսով, ինչը բավականին հարմար է։ Այդ պատճառով հուսով եմ, որ նման պրակտիկա կսկսի ձևավորվել նաև այստեղ` Հայաստանում», – ավելացրեց նա։

Օսեևսկու խոսքով` երկրորդ կարևոր ուղղությունը ներդրումային նախագծերի ֆինանսավորումն է։

«Ճիշտ ենք համարում բանկի կողմից վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացրած քաղաքականությունը, որը վերաբերում է հիմնական կապիտալում արվող ներդրումներին աջակցելուն։ Հայաստանում դա առանցքային դերակատարություն ունի բիզնեսի մրցունակության զարգացման գործում», – ընդգծեց բանկի փոխնախագահը։

Նա ավելացրեց, որ այստեղ ՎՏԲ–ն կցանկանար կիրառել վերջերս ձևավորված պրակտիկան։

«Մենք նաև օգտագործել ենք մի շարք եվրոպական արտահանման–վարկային գործակալությունների ներուժը, որը վերաբերում է ներդրումների աջակցությանն ու առաջին հերթին սննդամթերքի արտադրության հատվածներում ռուսական կողմի հնարավորություններին։ Վերջին տարիներին ակտիվորեն զբաղվել ենք ջերմոցային բիզնեսի ֆինանսավորմամբ` հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք առաջացել են Ռուսաստան սննդամթերքի մատակարարման կապակցությամբ», – տեղեկացրեց Օսեևսկին։

Նա ավելացրեց, որ բանկն, անխոս, կաջակցի ռուսական ընկերությունների բիզնեսին, որոնք նպատակ ունեն աշխատել Հայաստանում, առաջին հերթին նրանք, ովքեր զբաղվում են լեռնարդյունաբերությամբ և վերամշակմամբ։

«Մենք այս մոտեցումները քննարկել ենք ԿԲ–ի և կառավարության ներկայացուցիչների հետ։ Սեպտեմբերին պարտադիր խորհրդի ժամանակ պետք է ներկայացնենք Հայաստանի բանկի և ՎՏԲ խմբի գործունեության ռազմավարությունը։ Հուսով եմ, որ այն կարժանանա աջակցության և կզարգանա , – ասաց Օսեևսկին` հիշեցնելով, որ Խորհուրդը կգլխավորի ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։

Բացի տնտեսությունից, բանկը տեսնում է նաև Եվրասիական միության մեխանիզմների և գործիքների զարգացման քաղաքական խնդիրը։

«Այդ պատճառով մտադիր ենք մեր մոտեցումները քննարկել նաև ԵՏՀ–ի հետ», – ասաց Օսեևսկին։ –0–