Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՄՆ–ն փրկվել է ֆինանսական անկումից

17.10.2013, 11:15
ԱՄՆ սենատը և ներկայացուցիչների պալատը երկար դիմակայությունից հետո չորեքշաբթի երեկոյան ընդունել են փոխզիջումային օրինագիծ, որը նախատեսում է պետական հաստատությունների ֆինանսավորման ժամանակավոր վերականգնումը և պետպարտքի շեմի բարձրացումը` երկրի պատմության առաջին դեֆոլտը կանխելու համար։
ԱՄՆ–ն փրկվել է ֆինանսական անկումից
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ սենատը և ներկայացուցիչների պալատը երկար դիմակայությունից հետո չորեքշաբթի երեկոյան ընդունել են փոխզիջումային օրինագիծ, որը նախատեսում է պետական հաստատությունների ֆինանսավորման ժամանակավոր վերականգնումը և պետպարտքի շեմի բարձրացումը` երկրի պատմության առաջին դեֆոլտը կանխելու համար։

Քվեարկությունն ավարտվել է հոկտեմբերի 17–ից պակաս քան երկու ժամ առաջ, այն օրվա, երբ Ֆինանսների նախարարության տվյալներով, ամերիկյան գանձապետարանում կարող էին միջոցներ չմնալ արտաքին պարտավորությունների կատարման համար։ Փաստաթուղթը ստորագրել է նախագահ Բարաք Օբաման` այդպիսով հետաձգելով բյուջեի բանակցությունները մի քանի ամսով։

Կարճաժամկետ բյուջետային փոխզիջման հասնելու մասին սենատում դեմոկրատների և հանրապետականների առաջնորդներ Հարրի Ռիդը և Միթչ Մակքոննելը հայտարարել են չորեքշաբթի ցերեկը։ Օրինագիծը պետական հաստատությունների ֆինանսավորում է նախատեսում մինչև 2014 թվականի հունվարի 15–ը և փոխառությունների լիմիտի ընդլայնում մինչև փետրվարի 7–ը։ Բացի այդ, ենթադրվում է, որ երկու պալատների ներկայացուցիչները ֆինանսական բարեփոխումների բանակցություններ կանցկացնեն և կոնգրեսին արդյունքների մասին կհայտնեն մինչև դեկտեմբերի 13–ը։ Հանրապետականները պնդում են, որ անհրաժեշտ է պետծախսերի կրճատում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ողջ աշխարհի հայացքն այս շաբաթ սևեռված էր Վաշինգտոնի ուղղությամբ։ Բոլորը քաղաքական մեծ տարաձայնությունների վկաներ էին, իսկ այսօր տեսնում են, թե ինչպես է կոնգրեսը պատմական, երկկուսակցական համաձայնության հասնում կառավարության աշխատանքի վերականգնման և դեֆոլտի կանխման հարցում։ Մեր ձեռք բերած փոխզիջումը մեր տնտեսության կտա կայունություն, որի կարիքը նա այդքան ունի»,– հայտարարել է Ռիդը` ելույթ ունենալով սենատում։

Սենատի քվեարկությանն օրինագծին կողմ է քվեարկել 81 օրենսդիր, դեմ` 18։ Հանրապետականների կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատում փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 285 կոնգրեսական, դեմ` 144։

Ներկայիս ճգնաժամի պատճառ են դարձել առողջապահության բարեփոխման` Բարաք Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից մեկի վերաբերյալ տարաձայնությունները։ Հանրապետականները սեպտեմբերի վերջին հրաժարվել են հաստատել բյուջեն առանց այն չեղյալ հայտարարելու կետի կամ ուժի մեջ մտնելու ժամկետների տեղափոխման։ Արդյունքում հոկտեմբերի 1–ին ֆինանսական նոր տարեսկզբից իշխանության դաշնային մարմինները մասամբ փակվել են` խախտվել է նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը, դադարել են աշխատել թանգարաններն ու ազգային պարկերը։

Կոնգրեսի երկու կուսակցությունների դիմակայությունը վտանգի է ենթարկել նաև պետական փոխառությունների հնարավորությունը և արտաքին պարտավորությունների կատարումը։ Հանրապետականները սպառնում էին չբարձրացնել պետական պարտքի շեմը, որը ներկայում կազմել է 16.7 տրիլիոն դոլար։ Օբամայի ընդդիմախոսներն առաջարկում են իրենց ռազմավարությունը` չբարձրացնել պետպարտքի շեմը, այլ կրճատել ծախսերը, սակայն դեֆոլտի սպառնալիքը նրանց ստիպել է փոխզիջումների գնալ։

ԱՄՆ ֆինանսների նախարարը նախազգուշացրել է, որ պարտավորությունների կատարման միջոցները գանձապետարանում կարող են վերջանալ արդեն հոկտեմբերի 17–ին։ Աշխարհի ամենահուսալի վարկառուներից մեկի դեֆոլտը կարող էր հանգեցնել տնտեսական ամենալուրջ անկման Մեծ դեպրեսիայի ժամանակներից և աղետալի հետևանքների, նշել են նախարարությունում։

Սպիտակ տան մտահոգությունները, թե բացասական հետևանքների կարող է հանգեցնել նույնիսկ անորոշությունը պետական պարտքի լիմիտի շուրջ, սկսել են հաստատվել չորեքշաբթի` Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն ԱՄՆ սուվերեն վարկանիշը «բացասական» կանխատեսմամբ վերանայման է դրել։

Standard & Poor's վարկանիշային գործակալությունը հայտնել է, որ պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցումն ամերիկյան տնտեսության համար արժեցել է առնվազն 24 միլիարդ դոլար։

Ամերիկայի ձեռնարկատիրության ինստիտուտի փորձագետ Մայքլ Սթրեյնը կասկած չունի, որ կոնգրեսն առնվազն 2008 թվականի ճգնաժամի կրկնությամբ սպառնացող դեֆոլտ թույլ չի տա։

 «Հաստատ ոչ ոք չգիտի, բայց ամենայն հավանականությամբ, ԱՄՆ դեֆոլտը կհանգեցներ աղետալի հետևանքների։ Համաշխարհային տնտեսությունը, այդ թվում` ռուսականը, լուրջ կսասանվեր, որովհետև գլոբալ ֆինանսական համակարգը հիմնված է այն փաստի վրա, որ ԱՄՆ պարտատոմսերը ռիսկերից ազատված ակտիվ են»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել Սթրեյնը, ով ավելի վաղ զբաղվում էր հետազոտություններով Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում։

Քաղաքական դիմակայություն


Ամերիկյան ԶԼՄ–ների մեծամասնությունը չորեքշաբթի ընդունած օրինագիծը և դեֆոլտի կանխումը նախագահի հաղթանակ համարեցին։ «Հանրապետականները նահանջեցին», «Ջոն Բեյների կորուստը», «Օբամայի հաղթանակը»` սրանք են առաջատար պարբերականների վերնագրերը։

Հանրապետականները քաղաքական փոխզիջումներ էին սպասում վարչակազմից` պարտքային շեմի բարձրացման և բյուջեի ընդունմանն ի պատասխան։ Իսկ Օբաման անընդունելի անվանեց «հետգնման» պահանջը կոնգրեսի կողմից նրա պարտավորությունների կատարման համար։ Նախագահը պատրաստակամություն հայտնեց կոնգրեսականների հետ քննարկել հարցերի ողջ շրջանակը, բայց միայն այն ժամանակ, երբ կհաջողվի վերսկսել պետական հաստատությունների աշխատանքը և խուսափել դեֆոլտից։

«Ես պատրաստ եմ աշխատել բոլորի` դեմոկրատների և հանրապետականների, սենատորների և ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ ցանկացած գաղափարների շուրջ, որոնք կնպաստեն տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջին դասի հզորացմանը, կօգնեն կարգի բերել մեր ֆինանսական գործերը երկարաժամկետ հեռանկարում։ Երբեք չեմ կարծել, որ դեմոկրատները լավ գաղափարների մենաշնորհ ունեն»,– չորեքշաբթի երեկոյան ասել է Օբաման` հանդես գալով հատուկ հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է առողջապահության բարեփոխմանը, Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ այն արդեն ուժի մեջ է մտել և չի կարող չեղյալ հայտարարվել։ Քաղաքացիների կողմից բժշկական ապահովագրության ձեռքբերումը նախատեսող բարեփոխման իրագործումը սկսվել է հենց հոկտեմբերին։ ՍՄՆ–ում բացակայում է անվճար առողջապահությունը, և տասնյակ միլիոնավոր չապահովագրված անձինք կան, ու բարոփոխման նպատակը` աստիճանաբար պարտադրել բոլոր ամերիկացիներին բուժապահովագրություն ձեռք բերել։ Հանրապետականները հայտնում են, որ իրենց ընտրողները դժգոհ են առաջիկա ծախսերից։

«Մենք լավ պայքարել ենք։ Պարզապես չենք հաղթել»,– այսպես է բնութագրել հանրապետականների գործողությունները ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները։ Սակայն մի շարք նրա կուսակիցներ հույս ունեն չեղյալ հայտարարել առողջապահության բարեփոխումը, որի մասին օրենքը ստորագրվել է պետության ղեկավարի կողմից և հավանության արժանացել Գերագույն դատարանի կողմից։

«Այդ վեճը, այդ մարտը կշարունակվի առաջիկա ամիսներին»,– հայտարարել է հանրապետական սենատոր Թեդ Կրուզը` 2016 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածու և Obamacare–ի անհաշտ հակառակորդ։

Գործադիր իշխանությունը միաժամանակ փորձ է անում կյանքը սովորական հուն բերել. Սպիտակ տան տվյալներով, նախագահն առաջիկա ժամերին կստորագրի կոնգրեսի կողմից հավանության արժանացած օրինագիծը, և պետական ծառայողները կարող են արդեն հինգշաբթի վերադառնալ աշխատանքի։ -0-