ԶԼՄ–ները դադարեցրել են Պերմյակովի դատավարության ուղիղ եթերը փաստաբանի պահանջով
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ները դադարեցրել են ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության ուղիղ հեռարձակումը տուժածների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ։
Նա նշեց, որ անհրաժեշտ է պահպանել օրենքի պահանջը և անջատել ուղիղ եթերը վկաների, ամբաստանյալի և տուժածների իրավահաջորդների հարցաքննության ժամանակ։ Փաստաբանի խոսքով, դա անհրաժեշտ է հետագայում ցանկացած շահարկում բացառելու համար։
Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ, և հարցաքննությանը նա խոստովանել է իր մեղքը։
Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:42 22.01.2016