Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արցախում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ

21.06.2017, 18:46
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա Բաքվում նախատեսված F-1 մրցարշավի ժամանակ, կարծում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
Արցախում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա Բաքվում նախատեսված F-1 մրցարշավի ժամանակ, կարծում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Նմանատիպ միջոցառումների անցկացումն առաջացնում է հասարակության վրդովմունքը, քանի որ դրանց վրա մեծ գումարներ են ծախսվում, այդ ամենին ավելանում են նաև բազմաթիվ տրանսպորտային խնդիրները», – ասաց փորձագետը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Հայրապետյանը նշեց, որ հենց հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։

Փորձագետի խոսքով, հասարակական դժգոհությունը երկրում ծանր տնտեսական իրավիճակի հետևանքն է։

«Ադրբեջանի միջազգային բանկը վերջերս հայտարարեց սնանկության մասին և հիմա փորձում է վերակառուցվածքայնացում իրականացնել` գոնե ինչ–որ ազդեցություն պահպանելու համար», – տեղեկացրեց նա։

Փորձագետի խոսքով, 2015 թ.–ից սկսած տնտեսական իրավիճակի կայունացման նպատակով Ադրբեջանում սկսեցին ծախսել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) ռազմավարական արժութային պահուստի փողերը։

 
«Եթե 2015 թ.–ի սկզբում պահուստը կազմում էր 37.1 մլրդ դոլար, ապա արդեն տարեվերջին այն կրճատվեց` հասնելով 33,6 մլրդ դոլարի։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ տարվա ընթացքում պահուստը կրճատվել է 9,4 տոկոսով», – նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի միջազգային բանկի վերակառուցվածքայնացման համար ևս գումար կծախսվի այդ պահուստից։ 

«Միաժամանակ Ադրբեջանը ցուցադրական կերպով ազդակներ է ուղարկում, որ չի պատրաստվում հրաժարվել լարվածություն ստեղծելու իր հնարավորությունից», – եզրափակեց փորձագետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-