Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Կոնգրեսականները կոչ են արել ավելացնել ԱՄՆ–ի կողմից Հայաստանին և Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

23.03.2016, 12:00
Ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին և հանձնաժողովի ավագ անդամ Նիթա Լոուիին հասցեագրված նամակում ներկայացված են Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Սամցխե-Ջավախքին տրամադրվող ֆինանսական օժանդակության մասին առաջարկները:
Կոնգրեսականները կոչ են արել ավելացնել ԱՄՆ–ի կողմից Հայաստանին և Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 30 կոնգրեսականներից բաղկացած խումբը միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ` կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեին և Ռոբերտ Դոլդին` առաջարկելով Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովին ավելացնել Հայաստանին և Ղարաբաղին տրամադրվող աջակցության չափը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ANCA)։

Ենթահանձնաժողովի նախագահ, հանրապետական Քեյ Գրենջերին և հանձնաժողովի ավագ անդամ Նիթա Լոուիին հասցեագրված նամակում ներկայացված են Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Սամցխե-Ջավախքին տրամադրվող ֆինանսական օժանդակության մասին առաջարկները:

Կոնգրեսականներն առաջարկում են 5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին` հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գտնվող Բարոնուհի Քոքսի վերականգնողական կենտրոնին, որտեղ ամեն տարի սպասարկվում են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 1000 երեխաներ և մեծահասակներ։

Կոնգրեսականները նաև աջարկել են 40 միլիոն դոլար տնտեսական օժանդակություն տրամադրել Հայաստանին, իսկ Վրաստանին տրամադրվող ողջ գումարի 10 տոկոսը հատկացնել Սամցխե-Ջավաքում աշխատատեղերի ստեղծման ծրագրերին:

Կոնգրեսականները նաև առաջարկում են «Ադրբեջանին տրամադրել զրոյական ռազմական օգնություն, քանի դեռ այդ երկրի առաջնորդները չեն համաձայնել գնալ հաշտության և հեռացնել դիպուկահարներին ու ծանր սպառազինությունը»։

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2015–2016 ֆինանսական տարվա օտարերկրյա օգնության նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 20,06 մլն դոլարի տնտեսական օժանդակություն։ 

Ամերիկայի հայկական համագումարը (ANCA) ԱՄՆ-ի հայկական համայնքի խոշորագույն և առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Այն ակտիվորեն առաջ է մղում Ամերիկայի հայկական համայնքի շահերը, որոնք վերաբերում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:-0-