Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ և անմիջական հարաբերություններ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ և անմիջական հարաբերություններ։
«Կարծում եմ, որ դա շատ լավ է։ Մենք ամեն ինչ ազնիվ և անմիջականորեն քննարկում ենք, և կարծում եմ, որ շատ լավ հասկանում ենք միմյանց։ Այդ անմիջականությունը շատ է օգնում և նպաստեց նրան, որ շատ կարճ ժամկետում մենք հասանք շատ լավ և վստահելի մակարդակի», – նշել է ՀՀ վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ այս պահին ԵՏՄ–ն շատ մեծ դաշտ է` մեծ ներուժով։
«Հայաստանը կարող է անդադար արտահանել, և մենք պետք է աշխատենք դրա վրա։ Փաստորեն, հիմա մեզ մոտ շատ մեծ տեմպերով աճում է գյուղմթերքի արտահանումը, մենք կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճի։ Հույս ունենք, որ կավելանան նաև Ռուսաստանից և ԵՏՄ մյուս երկրներից տուրիստական հոսքերի ծավալները», – նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հարևան Վրաստանի հետ հարաբերություններին, ապա վարչապետը նշել է, որ երկրների միջև առկա են շատ լավ հարաբերություններ։
«Թբիլիսի կատարած վերջին այցս շատ հաջող էր, և մենք, իհարկե, աշխատելու ենք վրացական նոր կառավարության հետ, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ կզարգանան, քանի որ բոլորը հետաքրքրված են այդ հարցում», – ասել է ՀՀ վարչապետը։–0–