Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Նախագահն ընդունել է Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպանի հավատարմագրերը

22.01.2016, 18:17
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուրբաթ  հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք), հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
 Նախագահն ընդունել է  Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպանի հավատարմագրերը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուրբաթ  հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք), հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, նշելով, որ որպես Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպան, այդ առաքելությունն առավել կարևոր և պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր ստեղծելու երկկողմ միջպետական կապերի շարունակական զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:
Համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահն առաջին հերթին կարևորել է իրավապայմանագրային դաշտի ստեղծումը:

Նշելով, որ հայ-բանգլադեշյան հարաբերությունները սկիզբ են առնում դեռևս 17-րդ դարից, և Դաքայի նախկինում հայաբնակ Արմանիթոլա թաղամասում մինչ այսօր կանգուն է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ցավոք, ակտիվ աշխատանք չի իրականացվել միջպետական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ:

Կողմերի համոզմամբ, Հայաստանում դեսպանի նշանակումը և փոխադարձաբար Բանգլադեշում դեսպան նշանակելու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է հարաբերությունները զարգացնելու երկու երկրների քաղաքական կամքի և վճռականության մասին:
Հանդիպմանն ընդգծվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում հայ-բանգլադեշյան համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը:-0-