Рейтинг@Mail.ru
USD
368.26
EUR
417.75
RUB
4.8654
GEL
139.06
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ալմաթիում մեկնարկել է ԵԱԶԲ–ի տարեկան ժողովն ու բիզնես–ֆորումը

Այսօր, 11:07
Միջոցառման նպատակն է փորձի փոխանակումը, արդիական հարցերի քննարկումը և համատեղ զարգացման ուղիների նախանշումը
Ալմաթիում մեկնարկել է ԵԱԶԲ–ի տարեկան ժողովն ու բիզնես–ֆորումը

ԱԼՄԱԹԻ, 25 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ալմաթիում մեկնարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարեկան ժողովը և բիզնես-ֆորումը, որոնք համախմբել են զարգացման բազմակողմ բանկերի, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, փորձագիտական համայնքի և տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Միջոցառման նպատակն է փորձի փոխանակումը, արդիական հարցերի քննարկումը և համատեղ զարգացման ուղիների նախանշումը:

«Այսօր համաշխարհային տնտեսությունը վերափոխման խորը շրջան է ապրում: Եվրասիական տարածաշրջանը առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում որպես նոր հնարավորությունների տարածք», — ասված է ֆորումի մասնակիցներին ուղղված Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղերձում:

Նրա խոսքով՝ եվրասիական տարածքում առանձնահատուկ դեր է խաղում ԵԱԶԲ-ն, որը ներդրողների համար լայն հնարավորություններ է բացում համատեղ նախագծերի իրականացման համար։

Գործարար ծրագրի շրջանակում մասնակիցները կքննարկեն գլոբալ տնտեսական միտումները և դրանց ազդեցությունը եվրասիական տարածաշրջանի վրա, ներդրումները կայուն զարգացման ոլորտում, թվային տեխնոլոգիաներն ու նորարարությունները, իսլամական ֆինանսավորման ապագան Կենտրոնական Ասիայում, դեպի ծով ելք չունեցող երկրների տրանսպորտային զարգացումը, ինչպես նաև Եվրասիական տրանսպորտային հիմնակմախքի ներուժը:

Ակնկալվում է, որ բիզնես-ֆորումը հարթակ կդառնա նոր գաղափարների և լուծումների քննարկման համար, որոնք ազդում են եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա:

Եվրասիական զարգացման բանկը բազմակողմ զարգացման բանկ է, որն իրականացնում է ներդրումային գործունեություն եվրասիական տարածքում: Արդեն 20 տարի ԵԱԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների համակողմանի զարգացմանը:

2025 թվականի արդյունքներով ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելը ներառել է 326 նախագիծ՝ 19,6 միլիարդ դոլարի ներդրումների ընդհանուր ծավալով։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Իր գործունեության մեջ Բանկը ղեկավարվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

ԵԱԶԲ-ն «2022-2026 թթ. Ռազմավարության» շրջանակում իրականացնում է 3 մեգանախագիծ. «Կենտրոնական Ասիայի ջրային-էներգետիկ համալիր», «Եվրասիական տրանսպորտային հիմնակմախք », «Եվրասիական ապրանքաբաշխիչ ցանց»:

«ԱՌԿԱ» գործակալությունը բիզնես-ֆորումի մեդիագործընկերն է: