Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ոստիկանությունը յոթ մարդ է ձերբակալել, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել Երևանի կենտրոնում տեղադրված վրանում

27.01.2016, 12:54
Չորեքշաբթի գիշերը ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել յոթ մարդ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել Երևանի կենտրոնում տեղադրված վրանում։
Ոստիկանությունը յոթ մարդ է ձերբակալել, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել Երևանի կենտրոնում տեղադրված վրանում
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի գիշերը ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել յոթ մարդ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել Երևանի կենտրոնում տեղադրված վրանում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հունվարի 26–ի լույս 27-ի գիշերը, ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն.-ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում:

ՀՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ահազանգով ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով: Վարչական զննությամբ պարզվել է, որ «շուրջօրյա հավաքի» մասնակիցները հասարակական վայրում օգտագործում են ոգելից խմիչքներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում կատարելու կասկածանքով վարչական կարգով ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերվել յոթ անձինք, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ:

Հարուցվել է վարչական վարույթ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրավախախտման վայրից վերցվել են 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր։

Պարզվել է նաև, որ բերվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ գողություններ կատարելու մեղադրանքով:

Ինչպես նշել են գերատեսչությունից, անչափահաս աղջիկներից մեկը կողոպուտ կատարելու կասկածանքով նույն օրը բերման էր ենթարկվել ոստիկանություն, կողոպուտի առարկա հեռախոսը առգրավվել էր: Հարուցված է քրեական գործ: Քրեական հետապնդման մարմնի կողմից ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո նա անմիջապես միացել էր հավաքի մասնակիցներին:

«Բոլոր բերվածներն այս պահի դրությամբ ազատ են արձակվել: Սակայն իրավիճակն արմատական փոփոխության կարիք ունի: Ակնհայտ է, որ «շուրջօրյա հավաքի» վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետի որոշումներով արգելված էր Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքների ընթացքում օգտագործել վրաններ։

«Ոստիկանությունը, սակայն, տևական ժամանակ դրսևորել էր հանդուրժողականություն՝ չխոչընդոտելով վրանատիպ ծածկոցի տեղադրմանը», – նշում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հանրային վայրում իրավախախտումը նախականխելու նկատառումով ոստիկանությունն ապամոնտաժել է վրանատիպ ծածկոցը:–0–