Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

Հայաստանը պատրաստ է զարգացնել ԵՄ–ի հետ փոխգործակցությունն այնպես, որ դա չհակասի ՄՄ անդամակցությանը. Նալբանդյան

06.09.2013, 10:41
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայաստանը պատրաստ է զարգացնել ԵՄ–ի հետ փոխգործակցությունն այնպես, որ դա չհակասի ՄՄ անդամակցությանը. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
 
ԱԳՆ ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել  ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտին` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքներով հայտարարվել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։

Նալբանդյանը և Ֆյուլեն քննարկեցին Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։   

2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կկայանա Եվրամիության և ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ–պետությունների ղեկավարության գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագրի նախաստորագրումը մի քանի երկրների հետ, ներառյալ` Հայաստանը։

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, նախաձեռնությունը հաստատվել է 2008 թվականին Բրյուսելում`ԵՄ գագաթնաժողովին, պաշտոնապես հիմնվել 2009 թվականին` Պրահայում։ Ծրագրի նպատակն Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումն է` առանց դրա կազմի մեջ ընդգրկվելու։

Ծրագիրը ենթադրում է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրում ԵՄ տնտեսությունում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։ -0-