Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Օսկանյանն իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը քաղաքական պատվեր է համարում և պատրաստ է շարունակել պայքարը

28.09.2012, 12:34
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանի Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրն իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քաղաքական պատվեր է։
Օսկանյանն իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը քաղաքական պատվեր է համարում և պատրաստ է շարունակել պայքարը
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանի Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրն իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քաղաքական պատվեր է։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու հարցով  միջնորդագիր է ներկայացրել ԱԺ: Միջնորդագրում խոսքը գնում է միայն պատգամավորին մեղադրանք առաջադրելու մասին, իսկ «խափանման միջոցի մասին հարց չի բարձրացվելու»։

«Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելու առաջին իսկ օրվանից ինձ համար պարզ է եղել, որ դա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ է որևէ իրավաբանական բովանդակությունից»,– ասվում է «ԱՌԿԱ» գործակալությունում ստացված Օսկանյանի հայտարարության մեջ։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել  «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու դեպքով: Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման  Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս»  ՍՊ ընկերության 100%  բաժնեմասը  շուրջ 2 մլն. ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու փաստով:

«Ես պաշտոնապես առայժմ միջնորդագիր չեմ ստացել ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, այդ պատճառով չեմ ցանկանում ենթադրել, թե ինչ մեղադրանք է լինելու։ Մինչ օրս խոսքը գնում էր «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամիտ խուսափելու» կամ «գումարներ յուրացնելու» մասին։ Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն։ Անկախ նրանից, թե ինչ մեղադրանք են ինձ համար նախատեսել այս անգամ, այն չի կարող որևէ իրավական հիմք ունենալ»,– նշվում է Օսկանյանի հայտարարությունում։

«Եթե այս ամենի նպատակն իմ քաղաքական գործունեության զսպումն ու բոլոր բնագավառներում անհաջողություն ունեցած իշխանությունների հասցեին արված քննադատությունն է, ապա ես միանշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները սխալվել են նաև այս հաշվարկներում։ Պատրաստ եմ նույնիսկ այդ պայմաններում և այդ հարթությունում շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»,– ասվում է Օսկանյանի հայտարարությունում։

Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի` «ԱՌԿԱ» գործակալություն ստացված հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի նախագահը, ստանալով գլխավոր դատախազի միջնորդագիրը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին, պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել պատգամավորին, ինչը այս դեպքում չի կատարվել և, ըստ էության, օրենքի խախտում է:

«Սա օրենքի բացահայտ արհամարհանք է և անուղղակիորեն հաստատում է Վարդան Օսկանյանի` քաղաքական հետապնդման վերաբերյալ վարկածը»,– ասվում է փաստաբանի հայտարարությունում։ --0--