Շվեյցարիայի նախագահը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ ու ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը չորեքշաբթի այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Շվեյցարիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Դիդիե Բուրկհալտերն այցի շրջանակներում կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:56 04.06.2014