Տրանսպորտի նախարարությունը պարզաբանել է Լարսում հայկական մեքենաների հերթերի հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով, հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով», – նշել են գերատեսչությունից։
Նախարարության հաղորդմամբ, այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան 15-20%:
«Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ», – նշել են գերատեսչությունից։
Այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ Հայաստանի իշխանությունների սկսած հարձակումներից հետո Վերին Լարսի անցակետում սկսել են խնդիրներ առաջացնել Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես գրում է «Ժամանակ» օրաթերթը, Հայաստանի քաղաքացիները ստիպված են լինում 14-20 ժամ սպասել անցակետում, ինչն ակնհայտորեն ռուսական կողմի պատասխանն է Հայաստանում հակառուսական դրսևորումներին։–0–