Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը պահպանել է 94–րդ հորիզոնականը Transparency International-2014 կոռուպցիոն վարկանիշում

03.12.2014, 11:41
Transparency International–ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2014 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը` հավաքելով 37 միավոր։
Հայաստանը պահպանել է 94–րդ հորիզոնականը Transparency International-2014 կոռուպցիոն վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Transparency International–ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2014 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը` հավաքելով 37 միավոր։

Ինչպես նշվում է կազմակերպության կայքում, 2013 թ.–ի համեմատ, երբ Հայաստանը հավաքել էր 36 միավոր, երկրի դիրքը չի փոխվել։

Բեռլինում գործող Transparency International ոչ կառավարական կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ամենամյա ցուցիչը (Corruption Perceptions Index - CPI) արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից (կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճան) մինչև 100 (Corruption կոռուպցիայի ընկալման ամենացածր աստիճան) սանդղակով։ Ցուցիչը հարցումների համադրություն է և հենվում է կոռուպցիայի ոլորտին վերաբերող տվյալներին` հավաքված տարբեր կազմակերպությունների կողմից։ Այս տարի վարկանիշն ընդգրկել է 174 երկիր։

CPI տվյալներով` Հայաստանը 94–րդ տեղը կիսում է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ։

Տարածաշրջանի երկրների թվում Վրաստանը զբաղեցնում է 50–րդ հորիզոնականը (52 միավոր), Թուրքիան` 64 (45 միավոր), Ադրբեջանը` 126 (26 միավոր), Իրանը` 136 (27 միավոր)։ Ռուսաստանը ևս հայտնվել է 136–րդ տեղում` հավաքելով 27 միավոր։

Առաջին տեղում է Դանիան` 92 միավոր, երկրորդը Նոր Զելանդիան է` 91 միավոր, երրորդը` Ֆինլանդիան (89 միավոր)։ Վատագույն արդյունքները վերաբերում են Հյուսիսայն Կորեային (8), Սոմալիին (8) և Սուդանին (11)։

Transparency International–ի վարկանիշը կազմելիս դիտարկվում են կոռուպցիոն գործունեության բոլոր տեսակները, որոնց թվում են` պաշտոնատար անձանց տրվող կաշառքները, պետպատվերների կատարումից ստացված շահույթի տեղաբաշխման գործում պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև բյուջետային միջոցների անօրինական կամ անբարեխիղճ ծախսումը։ Գնահատվում է նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը։–0–