ՀՀ վարչապետը նշել է կուտակայինի մասով որոշում ընդունելու պատճառները
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը ստիպված է գնալ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, որպեսզի Հայաստանին հեռու պահի ցնցումներից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ից։
«Մենք ընդունել ենք այս որոշումը, որպեսզի առանց ցնցումների հասկանաք այս համակարգի էությունը, արդյոք այն համապատասխանու՞մ է Սահմանադրությանը, թե՞ ոչ և նրա հետագա ճակատագիրը։ Եթե որոշվի, որ այս համակարգը հակասահմանադրական է, ավելի վաղ վճարված բոլոր գումարներն ամբողջությամբ հետ կվերադարձվեն քաղաքացիներին։ Իսկ եթե սահմանվի, որ համակարգը կարող է գործարկվել և հուսալի է, ապա մենք կաշխատենք դրա կատարելագործման ուղղությամբ։ Հենց այդ պատճառով կարծում եմ, որ մենք ընդունել ենք որոշում, որը բխում է մեր հետաքրքրություններից, քանի որ այս գործընթացի դադարեցումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի հեղինակության և վիճակի վրա», – ասաց Փաշինյանը` Facebook–յան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
Նրա խոսքով, կառավարությունն ուներ ընտրության երեք տարբեր` թողնել համակարգն այն տեսքով, որով այն եղել է, հետաձգել կամ փոխել ու ընդունել։
«Առաջին տարբերակի դեպքում մենք կարող էինք ոչինչ չձեռնարկել, և համակարգը կսկսեր գործել այն դրույթներով, տեմպերով, ինչ նախկինում։ Դա մեզ համար անընդունելի տարբերակ էր, քանի որ նոր կառավարությունը պետք է ինչ–որ բան ձեռնարկեր` քաղաքացիների վիճակը թեթևացնելու համար», – նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, համակարգի կիրառումը հետաձգելու որոշումը թվում էր պարզ է, սակայն այն պարունակում է սոցիալական անարդարություն։
«Եթե մենք 1 տարով հետաձգում ենք 80 հազար քաղաքացիների համար, ապա անարդար ենք վարվում մնացած 207 հազար քաղաքացիներրի հետ, ովքեր արդեն վճարում են կուտակային կենսաթոշակ։ Այս տարբերակի դեպքում կարող է կոնֆլիկտ ծագել նաև կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ, որոնցից շատերը Եվրոպայի և աշխարհի հայտնի ու հեղինակավոր կազմակերպություններից են։ Եթե մենք խաղի ժամանակ փոխենք կանոնները, ապա այս լուրը շատ արագ կտարածվի աշխարհում, և Հայաստանին կնայեն որպես տնտեսապես ոչ հուսալի գործընկերոջ», – ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ընտրված տարբերակն առավել օպտիմալ է, քանի որ թույլ է տալիս 207 հազար քաղաքացիներին վերադարձնել մոտ 5 հազարական դրամ։
«Այս համակարգում հակասահմանադրական ոչինչ չկա։ Սակայն եթե կան Սահմանադրական դատարանի նախկին վճիռներն այն մասին, որ այս համակարգը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա մենք կիրականացնենք վերլուծություն և կպարզենք պատճառները, թե ինչու այդ վճիռներն ավելի վաղ հաշվի չեն առնվել։ Այս ամենում չկա ոչ մի ողբերգություն։ Բոլոր վճարված միջոցները գտնվում են քաղաքացիների անձնական հաշիվներում։ Կառավարությունն արդեն ստիպված է գնալ նոր համակարգի կիրառման, որպեսզի Հայաստանին հեռու պահի ցնցումներից», – նշեց նա։
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ համակարգի պարտադիր բաղադրիչն ընդունվել է ` միայն ելնելով քաղաքացիների շահերից։
«Այն ներառվել է, որպեսզի քաղաքացին չգայթակղվի և հաշվից չհանի այդ գումարը ամենօրյա տարբեր ծախսերի համար` նման կերպ թողնելով ինքն իրեն առանց կենսաթոշակային խնայողությունների», – նշեց նա։
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։
ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–