Այսօրվանից տրանսպորտից զեղչով երթևեկելու իրավունք ունեցողները կարող են ստանալ իրենց տրանսպորտային քարտերը
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ի հունվարի 9–ին արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սուրեն Գրիգորյանը։
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Երևանի քաղաքապետարանից նաև հիշեցնում են, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
«Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով», – նշել է Կոստանյանն՝ ավելացնելով, որ առաջիկա օրերին կհայտարարեն նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։