Հայաստանում այսուհետ գործելու է Ոստիկանության գվարդիա․ այն կղեկավարի Հայկ Բաբայանը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։
Նշենք, որ նախօրեին Բաբայանն ազատվել էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
Նոյեմբերի 1-ից Հայաստանի Ներքին գործերի նախարարության կազմում գործելու է Ոստիկանության գվարդիա։
Գվարդիան գործելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։
Ոստիկանության գվարդիայի կառուցվածքում կներառվեն ներկայիս ոստիկանության զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները: