Հայաստանում AREAL գծային արագացուցիչը կսկսի գործել 2013 թվականին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. CANDLE նախագծի շրջանակներում Հայաստանում կառուցվող AREAL գծային արագացուցիչը կսկսի գործել 2013 թվականին, ուրբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցած «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստի արդյունքներն է ներկայացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մինչ օրակարգային հարցերի շուրջ քննարկումներին անցնելը՝ կառավարության ղեկավարը ծանոթացել է ինստիտուտի լաբորատորիաների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Այնուհետև վարչապետին զեկուցվել է «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքի մասին:
Մասնավորապես, նշվել է, որ վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների հետ և ձեռք բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Դրանց արդյունքում արդեն իսկ ստացվել են 1,5 մլն եվրոյի սարքավորումներ AREAL գծային արագացուցչի կառուցման նպատակով. ևս մեկ միլիոն եվրոյի սարքավորումներ կստացվեն առաջիկայում: Նշվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում ծրագրի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել են, և այն նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում:
Համագործակցության արդյունքում տեղի երիտասարդ կադրերը գործուղվել են արտերկիր՝ վերապատրաստում անցնելու նպատակով:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ «Քենդլ» նախագիծը ներառել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Չինաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության օրակարգում:
AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար: Այն կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:
Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթեմֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ:--0-