Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի կառավարությունը 2015թ.–ին շուրջ 150 մլն դրամ կհատկացնի Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերին

12.02.2015, 16:51
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն` 2015 թվականին Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի աջակցությանը կուղղվի մոտ 150 մլն դրամ։
Հայաստանի կառավարությունը 2015թ.–ին շուրջ 150 մլն դրամ կհատկացնի Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերին
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն` 2015 թվականին Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի աջակցությանը կուղղվի մոտ 150 մլն դրամ։

Ինչպես որոշումը ներկայացնելիս նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ծրագրվում է պատրաստել և վերապատրաստել ոչ պակաս, քան 300 մասնագետների, համագործակցության ներգրավել ոչ պակաս, քան 3 ընկերությունների, բիզնես–խորհրդատվություն տրամադրել ոչ պակաս, քան մշակողների 20 թիմերի։

«Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` դրա կառուցմանը զուգահեռ, ծրագրվում է նախապատրաստել ոչ պակաս, քան 100 մասնագետների և խորհրդատվություն տրամադրել ոչ պակաս, քան 10 ընկերությունների և սկսնակ թիմերի, ինչպես նաև ստեղծել ուսումնական լաբորատորիա»,– ասաց նախարարը։

Գյումրիում տեխնոպարկի ստեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:

2012թ.–ի ապրիլի 29–ին մեկնարկեց տեխնոպարկի գլխավոր մասնաշենքի` Տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, որի համար նախատեսված է պետական միջոցներից հատկացնել մոտ 4,5 մլն դոլար։ Գլխավոր մասնաշենքի շուրջ կձևավորվեն հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններ։ Միաժամանակ 8,5 մլն դոլարը կկազմեն D-Link International հայտնի ընկերության ներդրումները` Հետազոտությունների և թեստավորման կենտրոնի ստեղծման շրջանակներում։ Տեխնոպարկի ամբողջական գործարկումը նախատեսված է իրականացնել երկու տարվա ընթացքում։

ՀՀ կառավարության հունվարի 9-ի որոշմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ճանաչվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության պետական աջակցության միջոցառումների ծրագրի իրականացման գլխավոր օպերատորը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն` կառավարության նախաձեռնությամբ ստեղծվող տեխնոլոգիական կենտրոնը կտեղակայվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երեք շենքերի տարածքում` մոտ 4400 քառակուսի մետր մակերեսի վրա։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նախատեսված ներդրումները կկազմեն 3,8 մլն դոլար ($1 – 479,47 դրամ է)։ -0-