Հայաստանը կարող է դառնալ AI ոլորտում հիմնարար հետազոտությունների համաշխարհային կենտրոն․ NVIDIA–ի փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը հասնում է հաջողության բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Այս մասին հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը DigiTec-2025 հոբելյանական համաժողովի շրջանակում «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Չնայած այն փոքր երկիր է՝ աշխարհագրական բարդ դիրքով, դեպի ծով ելք չունեցող, փակ սահմաններով և պատերազմ վերապրած, սակայն տեսեք, թե ինչպես է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ՀՆԱ-ն, արտադրողականությունը և ընդհանուր առմամբ տնտեսությունը աճել վերջին հինգ տարիների ընթացքում։ Դա պարզապես հրաշք է» – ասաց Լեբարեդյանը։
Նա կոչ արեց քայլել Երևանի փողոցներով։
«Ամենուրեք երթևեկություն է, մարդիկ, մեքենաներ, քանի որ բոլորը աշխատում և արտադրում են։ Իմ ներկայացրած վերջին սլայդում արհեստական բանականության ոլորտում աշխատող հայկական ընկերությունների լոգոներն էին։ Դա տպավորիչ է նման փոքր երկրի համար»,– ասաց Լեբարեդյանը։
Նա նշեց, որ այժմ, երբ երկրում խաղաղություն է հաստատվում և կա սահմանների բացման հեռանկար, տնտեսության և տեխնոլոգիական զարգացման վրա նախկին բոլոր «արգելակները» կվերանան։
«Եվ եթե մենք կարողացանք այս ամենին հասնել նման սահմանափակումների պայմաններում, ապա երբ հնարավորություններ բացվեն, մենք պետք է բազմապատկենք աճը», – ասաց նա։
Լեբարեդյանը խոստովանեց, որ տարածաշրջանային համատեքստում Հայաստանի ՏՏ ոլորտն ավելի զարգացած է, քան հարևաններինը։ Բայց բոլորը աշխատում են հասնել։
«Եթե մենք ոչինչ չանենք, նրանք կհասնեն՝ երկու, հինգ տարի հետո, չգիտեմ՝ երբ, բայց կհասնեն։ Եվ դա լավ է՝ մենք ուզում ենք, որ ամեն ինչ զարգանա։ Բայց մենք չպետք է կանգ առնենք։ Չի կարելի բավարարվել նրանով, որ մենք «լավագույնն ենք տարածաշրջանում», – ասաց Լեբարեդյանը։
Նա հիշեցրեց, որ տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են։
«Եթե կանգ առնես, կպարտվես։ Պետք է մշտապես առաջ նայել, հասկանալ, թե ինչ տեղի կունենա հետո և նախապես պատրաստվենք դրան։ Ահա թե ինչու եմ ես առաջ մղում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցելու գաղափարը։ Հաջորդ քայլը համակարգչային գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար հետազոտությունների համաշխարհային կենտրոն դառնալն է», – ասաց Լեբարեդյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանիհ ամալսարանները պետք է հայտնի լինեն որպես աշխարհի լավագույնները, գոնե առանձին ուղղություններում։ Դրա համար պետք է ընտրել մի քանի նեղ, ռազմավարական ոլորտներ և ներգրավել աշխարհի լավագույն հետազոտողներին։
«Մենք կարող ենք նրանց հրավիրել Արհեստական բանականության կենտրոնի միջոցով՝ առաջարկելով սուպերհամակարգչի, լաբորատորիայի հասանելիություն, տաղանդավոր ուսանողների հետ շփում։ Թող նրանք գան 6-12 ամսով, դասավանդեն և հետազոտություններ անցկացնեն այստեղ։ Այսպես մենք կցանենք գիտության «սերմը», որը կվերածվի համաշխարհային նվաճումների և կստեղծի ստարտափեր», – ասաց Լեբարեդյանը։
Նա հիշեցրեց, որ յսօր համակարգչային գիտության մեջ հիմնարար հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ է սուպերհամակարգիչ։ Նույնիսկ Հարվարդի և Սթենֆորդի նման համալսարանները չունեն սեփական հզորությունները։
«Նրանց հետազոտողները գալիս են աշխատելու ինձ մոտ՝ NVIDIA՝ անհրաժեշտ գործիքներին հասանելիություն ստանալու համար։ Եվ եթե նման սուպերհամակարգիչ հայտնվի Հայաստանում, մենք ժամանակավոր առավելություն կստանանք։ Այն պետք է օգտագործել էկոհամակարգ կառուցելու համար, որը մեզ կտեղափոխի առաջատարների մակարդակի վրա», – ասաց Լեբարեդյանը։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով