Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայկական խորհրդատվական ընկերությունները կարող են դուրս գալ միջազգային շուկա. «Ամերիա»

04.04.2017, 18:29
Հայկական խորհրդատվական ընկերությունները կարող են դուրս գալ միջազգային շուկա, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Հայկական խորհրդատվական ընկերությունները կարող են դուրս գալ միջազգային շուկա. «Ամերիա»

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական խորհրդատվական ընկերությունները կարող են դուրս գալ միջազգային շուկա, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը Միջազգային խորհրդատվական միության (International Consulting Alliance - ICA) անդամ է։


Նա նշեց, որ ICA–ն արագ աճող կառույց է, որում ներառված են բազմաթիվ երկրներ, և միության հիմնական գաղափարը զարգացած և զարգացող երկրների գիտելիքների օգտագործումն ու կուտակումն է` մրցունակությունը բարձրացնելու ու բոլոր ոլորտների տարատեսակ հարցերի ավելի հետաքրքիր լուծումներ գտնելու համար։

«Սա հարթակ է, որը թույլ է տալիս ձևավորել վստահություն և ցուցաբերել փոխադարձ աջակցություն։ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, այս կառույցի աջակցությամբ, արդեն բավականին ակտիվ մասնակցում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում իրականացվող ծրագրերին և փորձում ենք ընդլայնել մեր աշխարհագրությունը այս կառույցի հաշվին», – ասաց Ջրբաշյանը։

Նա նշեց, որ Հայաստանում Ծառայությունն իրականացնում է էներգետիկ, գյուղատնտեսական ոլորտի ծրագրեր, հասարակական հատվածի բարեփոխումներ։ Արտերկրում իրականացվող հաջող նախագծերի թվում Ջրբաշյանը նշեց աշխատանքը Ղրղըզստանում։

Մասնավորապես, էներգետիկ ոլորտում «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն իրականացնում է երկու խոշոր նախագիծ, իտալական և գերմանական ընկերությունների հետ կոնսորցիումում իրականացնում է տրանսֆորմատորային կառույցների շինարարության խորհրդատվություն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության համար և «Հայէներգո» ընկերության համար իրականացնում է SCADA ծրագրի ներդրման խորհրդատվություն։

«Այսօր կոնսալտինգի ոլորտում Հայաստանում դեռ քիչ են պրոֆեսիոնալ փորձագետները, և մենք կարող ենք դառնալ կոնսալտինգի ոլորտի զարգացման և այլ երկրներ այդ ծառայությունների արտահանման լոկոմոտիվը», – ասաց Ջրբաշյանը։

Երևանում իր աշխատանքն է սկսել Միջազգային խորհրդատվական միության (International Consulting Alliance - ICA) տարեկան համաժողովը, որի հյուրընկալող կողմը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է։ Համաժողովին մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու աշխարհի շուրջ 30 երկրից, մասնավորապես Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Մադագասկարից, Կիպրոսից, Իտալիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, ՌԴ–ից, Ուգանդայից, Զիմբաբվեից, Ղրղըզստանից, Չինաստանից, Մակեդոնիայից և մի շարք այլ երկրներից։

Միջազգային խորհրդատվական միությունը ստեղծվել է 2012 թ.–ին IBF համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության կողմից։ Միությունը միավորում է մոտ 60 խորհրդատվական կազմակերպությունների աշխարհի տարբեր երկրներից։ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը ICA–ի խորհրդի անդամ է 2013 թ.–ից։ «Ամերիան», համագործակցելով ICA–ի մի շարք ընկերությունների հետ, Հայաստանում իրականացրել է մի շարք կարևորագույն ծրագրեր էներգետիկ և անտառային տնտեսության ոլորտներում։–0–