Рейтинг@Mail.ru
USD
381.51
EUR
450.03
RUB
4.8918
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը գտնվում է բարձր ռիսկային գոտում մանր եղջերավորների ժանտախտի ներթափանցման տեսանկյունից․ ՍԱՏՄ

Այսօր, 14:00
Կատարվում են արյան նմուշառումներ
Հայաստանը գտնվում է բարձր ռիսկային գոտում մանր եղջերավորների ժանտախտի ներթափանցման տեսանկյունից․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և կողմից 2025 թ․ դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակներում նախատեսված համայնքներից, հայտնում է Սննդամթերքի անվտանգությյան տեսչական մարմինը։

Նմուշառված արյան՝ լաբորատոր փորձաքննությամբ ստացված արդյունքները պարբերաբար կներկայացվեն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH)՝ Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու համար։ 

Մանր եղջերավորների (ոչխարներ, այծեր) ժանտախտը սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցային ախտահարմամբ, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքմամբ, արյունային լուծով, աչքի եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով: 

«Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ այս հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը կունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ արդյունքների վերլուծության հիման վրա ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Ծրագրի իրականացման նպատակներն են գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, ապահովել ՄԵԿԺ-ի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ, նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։ 

Առաջին անգամ՝ 1940 թվականին, Աֆրիկայում այս հիվանդությունը բնորոշվել է որպես խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, սակայն, հաշվի առնելով հարուցչի իմունակենսաբանական առանձնահատկությունները, 1980 թվականին Նիգերիայում կայացած միջազգային գիտաժողովում այն պաշտոնապես ճանաչվել է որպես մանր եղջերավորների ժանտախտ հիվանդություն: 

Ժանտախտի հարուցիչը 60օ C տաքացման դեպքում ոչնչանում է 5-10 րոպեում: Ցածր ջերմաստիճանի՝ -20օ C–ի դեպքում վիրուսը պահպանվում է 4-7 ամիս: 25-300 C ջերմաստիճանի պայմաններում կենդանու դիակում հարուցիչը կենսունակ է 20-30 ժամ: Գոմաղբում վիրուսը կենսունակ է մինչև 30 ժամ, իսկ արոտավայրում՝ մինչև 36 ժամ:

Վարակված կամ հիվանդ կենդանիների աղացած մսի մեջ վիրուսը կենսունակ է 28 օր:

Հիվանդության կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազումը, ջերմաստիճանի բարձրացումը 41-42.5օ C, լարինգոֆարինգիտը, թարախային, արյունային լուծը, շնչահեղձությունը, սուր թոքաբորբը: Այս հիվանդությունը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում: 

Հիվանդության պատճառած տնտեսական վնասն առաջանում է կենդանիների անկումից (50-100%), կաթնատվության նվազումից, քաշաճի և բրդի կորստից: