Հայաստանը պետք է բարձրացնի ապրանքային արտադրության արտաքին մրցունակությունը. ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանին անհրաժեշտ է համակարգված կերպով բարձրացնել ապրանքային արտադրության արտաքին մրցունակությունը, սակայն պնդել, թե ոչ արտահանելի հատվածի զարգացումը տեղի է ունենում արտահանելիի հաշվին, կոռեկտ չէ։ Այդ մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։
«Մենք ունենք տնտեսության գլոբալ արտաքին մրցունակության, ապրանքային արտադրության արտաքին մրցունակության բարձրացման խնդիր, և այդ խնդիրը պահանջում է համակարգային լուծում՝ ամենատարբեր գործիքների կիրառմամբ»,- ասել է Քթոյանը։
Նրա խոսքով՝ արտահանելի հատվածի զարգացման հարցերը դուրս են Կենտրոնական բանկի անմիջական գործառույթների շրջանակից։
Միևնույն ժամանակ, ԿԲ խորհրդի անդամը նշել է, որ ապրանքային արտադրության մրցունակության բարձրացումը կարող է նշանակություն ունենալ նաև գնաճային միջավայրի տեսանկյունից։
«Եթե դա պրոյեկտենք Կենտրոնական բանկի գործառնությունների վրա, ապա այն պարունակում է գնաճի վրա ավելի նախընտրելի, մեզ համար ընդունելի ուղղությամբ ազդեցության պոտենցիալ։ Բայց ես չէի ասի, թե մի հատվածի աճը տեղի է ունենում մյուսի հաշվին»,- հայտարարել է Քթոյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-մայիսին կազմել է 7 864.7 մլն դոլար՝ 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ նվազելով 0.1%-ով։
Հայկական արտահանումն այս ժամանակահատվածում կազմել է 2 864.9 մլն դոլար՝ նվազելով 3.7%-ով։ Արտահանման ամենախոշոր ուղղությունը դարձել է Ռուսաստանը՝ 1 031.1 մլն դոլար (անկումը՝ 3%)։ Հաջորդում են Չինաստանը՝ 407.5 մլն դոլար (աճը՝ 93.3%), ԱՄԷ-ն՝ 229.2 մլն դոլար (անկումը՝ 73.4%), Բուլղարիան՝ 178.1 մլն դոլար (աճը՝ 6.4 անգամ), ինչպես նաև Իրաքը՝ 147.0 մլն դոլար (աճը՝ 12.7%)։
Ներմուծումը դեպի Հայաստան կազմել է 4 999.8 մլն դոլար՝ ավելանալով 2.2%-ով։ Հայաստան ապրանքներ արտահանող հիմնական երկիրն է դարձել Ռուսաստանը՝ 1 223.6 մլն դոլար (անկումը՝ 30.6%)։ Դրան հաջորդում են Չինաստանը՝ 553.8 մլն դոլար (աճը՝ 4.7%), Վրաստանը՝ 354.4 մլն դոլար (աճը՝ 25.6%), Իրանը՝ 279.9 մլն դոլար (աճը՝ 14.7%), ինչպես նաև ԱՄՆ-ն՝ 222.7 մլն դոլար (աճը՝ 43.1%)։