Հայաստանի վերամշակող ընկերությունները մարել են գրեթե 1.5 մլրդ դրամի պարտքը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վերամշակող ընկերությունները մարել են գյուղատնտեսական արտադրանքի համար կուտակված գրեթե 1.5 մլրդ դրամի պարտքը, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ:
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել թվով 20 վերամշակող ընկերություններ:
Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: ($1 – 482,14 դրամ)։ -0-