Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանից շուրջ 30 հազար ոչխար է 2013թ.–ին արտահանվել Իրան. ԳՆ

11.06.2013, 17:07
Հայաստանից շուրջ 30 հազար ոչխար է 2013թ.–ի հունիսի դրությամբ արտահանվել Իրան, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության  վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
Հայաստանից շուրջ 30 հազար ոչխար է 2013թ.–ին  արտահանվել Իրան. ԳՆ
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանից շուրջ 30 հազար ոչխար է 2013թ.–ի հունիսի դրությամբ արտահանվել Իրան, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության  վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

«Հուսով եմ, որ այս տարի, անցյալ տարվա համեմատ, Իրան արտահանված ոչխարների թիվը կավելանա և կհասնի 2009–2011թթ.–ի արտահանման ծավալներին, երբ այդ ցուցանիշը միջինը կազմում էր 150 հազար գլուխ»,– ասաց նա։

Տեղեկացնելով, որ 2012թ.–ին Հայաստանից Իրան արտահանված ոչխարների թիվը  կազմել է ընդամենը 61 հազար գլուխ, Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նախորդ տարի արտահանման փոքր ծավալը պայմանավորված էր իրանական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքի եռակի բարձրացմամբ։ Միաժամանակ նա ավելացրեց, որ Իրան արտահանման համար մեկ ոչխարի միջին գինը կազմում էր մոտ 52 հազար դրամ։

Միաժամանակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ոչխարների արտահանումը հարևան Իրան Հայաստանում ոչխարաբուծության զարգացում է խթանում` այդպիսով դրականորեն անդրադառնալով գլխաքանակի աճի վրա։

«Ինչպես հասկանում եք, այն տարիներին, երբ Հայաստանը ոչխար չէր արտահանում, դրանց գլխաքանակի իրացումը շատ սահմանափակ էր, ինչի կապակցությամբ գյուղացիները երբեմն նույնիսկ հրաժարվում էին զբաղվել ոչխարաբուծությամբ։ Բարեբախտաբար, ոչխարների արտահանումը բերեց նրան, որ գյուղացիների շրջանում ոչխարաբուծության հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար աճեց»,– «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով` ասաց նա։

Բացի այդ, ըստ նրա` դեպի Իրան ոչխարների արտահանումը նպաստեց գյուղատնտեսությանը շահույթներ ավելացնելուն, ինչպես նաև Հայաստանում ոչխարի գնի նվազմանը։ «Եթե նախորդ տարիներին 1 կգ ոչխարի գինը կազմում էր 4–4,5 հազար, ապա այժմ այն կազմում է 2,8–3 հազար դրամ»,–ավելացրեց նա։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ Իրանի գործարարները նախընտրում են ոչխար գնել Հայաստանից, քանի որ հայկական ոչխարների կենդանի քաշը կազմում է 40–50 կգ, այն դեպքում, երբ Վրաստանում բազմացվող ոչխարների քաշը, որտեղից նույնպես արտահանում է կատարվում դեպի Իրան, չի գերազանցում 30–35 կգ–ը։

Նա տեղեկացրեց նաև, որ 2012թ.–ին ոչխարների և այծերի գլխաքանակը հանրապետությունում ավելացավ 84,5 հազար գլխով (14,3%)` կազմելով 674,7 հազար գլուխ ($1 – 411,94 դրամ է)։  -0-