Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀԷՑ-ը վաղաժամկետ մարել է տեղական բանկերից մեկի 9 մլն դոլարի վարկը․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր, 17:22
Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով
ՀԷՑ-ը վաղաժամկետ մարել է տեղական բանկերից մեկի 9 մլն դոլարի վարկը․ Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/. Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու):

Այս մասին Facebppk-յան իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք, այս պահին պարտավորությունները կազմում են շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք», - գրել է Պետրոսյանը։ 

Նա հայտնել է, որ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։ 

ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին 

2025 թվականի նոյեմբերի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն հաստատեց «ՀԷՑ» ընկերությանը (պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին») էլեկտրաէներգիայի բաշխման (հզորության) լիցենզիայից զրկելը։ Որպես հիմք հանձնաժողովը նշել է 4-ամսյա վարույթի ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց թվում են՝ հավելագրումները, թերություններն ու էլեկտրահաշվիչների ցուցմունքների այլ կեղծումները, ներդրումային ծրագրերի իրականացման խախտումները, նոր բաժանորդների միացման ժամկետների և կարգի խախտումները, որոշ օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում շինարարական և հակահրդեհային նորմերի խախտումները։ 

Հանձնաժողովում նաև պնդում են, որ ՀԷՑ-ը առևտրային բանկերի միջոցով ռիսկային վարկային երաշխիքներ է տրամադրել իր հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների, ոչ արդյունավետ է կառավարել գույքը, անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀԷՑ-ի ներկայացուցիչները համաձայն չեն ներկայացված եզրակացությունների հետ՝ կասկածի տակ դնելով ընտրանքի ճշգրտությունը և ՀԾԿՀ-ի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ստուգումների և փորձաքննությունների որակը։ 

Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պարտականությունները կատարում է 2025 թվականի հուլիսի 18-ից՝ համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշման։ 

ՀԷՑ-ի և «Տաշիր գրուպի» նախագահի մասին 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 մլն բաժանորդի։ 2016 թվականից ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է, որը միայն ընկերության արդիականացման համար ներդրել է մոտ 680 մլն դոլար, ևս մոտ 150-200 մլն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 18-ին, դեկտեմբերի 30-ից նրա նկատմամբ գործում է խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։ Նա մեղադրվում է երեք դրվագով՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» (Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու մասին իր խոսքերից հետո), առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։