Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ ուղարկված միջազգային առաքանուց հայտնաբերվել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

27.08.2024, 14:57
Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան. այդ առաքանիների մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ. ՎԻԴԵՈ
ՀՀ ուղարկված միջազգային առաքանուց հայտնաբերվել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման  և հսկողության վարչության և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Արդյունքում հիշյալ առաքանու մեջ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է նաև 1600 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Հիշյալ մաքսանենգության դեպքով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ստանալուց հետո ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ա․Գ․-ն։

Ձերբակալվելուց հետո վերջինս, տարված բացատրական աշխատանքների արդյունքում, հայտնել է, որ նշված առաքանին իրեն չի պատկանում  և այն պետք է փոխանցեր այլ անձի։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների հսկողության տակ վերջինս զանգահարել է ծանրոցն ուղարկող անձին և առաքանին փոխանցելու շուրջ ձեռք է բերել պայմանավորվածություն: Այնուհետև Էջմիածին քաղաքում առաքանին փոխանցել է ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ին, ով առաքանին ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է և Ա․Գ․-ի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Առաքանին ստանալու համար Ա․Վ․-ն ժամանել էր մեկ այլ քաղաքացու հետ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի դիմած անձի ինքնությունը: Վերջինս Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։

Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան: Այդ առաքանիների  մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Ծանրոցների ուղարկման փաստերով նախկինում ձեռնարկված ՕՀ միջոցառումներ արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացի։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։