Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը Հայաստանում 2015թ. հունվարի 1–ի դրությամբ կազմել է 688,5 հազար գլուխ. Գյուղնախարարություն

22.05.2015, 15:15
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը հունվարի 1–ի դրությամբ աճել է 10,9 հազարով` կազմելով 688,5 հազար գլուխ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը։
Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը Հայաստանում 2015թ. հունվարի 1–ի դրությամբ կազմել է 688,5 հազար գլուխ. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը հունվարի 1–ի դրությամբ աճել է 10,9 հազարով` կազմելով 688,5 հազար գլուխ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը։

Ըստ նրա` շնորհիվ կառավարության, գյուղատնտեսության նախարարության և մենատնտեսների ջանքերի, 2014 թվականին գրանցվել է բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակի աճ։

«Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 688,5 հազար գլուխ, մանր եղջերավոր անասունինը` 745,9 հազար գլուխ, խոզերինը` 142,4 հազար, թռչուններինը` 4 մլն 122 հազար, ոչխարներինը և այծերինը` 745,8 հազար գլուխ»,– ասաց Բաղյանը։

Նա նշեց, որ անասնաբուծությունը գյուղատնտեսության կարևորագույն բնագավառներից է, որը 2014 թվականին ապահովել է համախառն ներքին արդյունքի 39 տոկոսը։

Դրան զուգընթաց նաև աճել է մսամթերքի ծավալը 2014 թվականին։ «Մսի արտադրությունը կազմել է 163,3 հազար տոննա, կաթինը` շուրջ 700 հազար տոննա, հավկիթինը` 638,8 մլն հատ»,– ասաց Բաղյանը։

Ըստ նրա` դրանք լավ ցուցանիշներ են, և այդ թվերը խոսում են այն մասին, որ 2014 թվականի դինամիկան դրական էր։

«Ինչ վերաբերում է ծկնաբուծության արտադրության ծավալին 2014 թվականին, ապա այն ավելացել է և կազմել 13,9 հազար տոննա, ձկան արտահանումն աճել է 2,3 տոկոսով»,– ասաց փոխնախարարը։

Բաղյանն ավելացրեց, որ հարևան երկրներում աճում է հետաքրքրությունը հայկական անասնաբուծության նկատմամբ, մասնավորապես, 2014 թվականին Վրաստան է արտահանվել մոտ 200 գլուխ երինջ։

«Դա առաջին դեպքն է, որ մենք բարձր որակի կենդանիներ ենք վաճառում հանրապետության տարածքից դուրս։ Վրաստանը շահագրգռված է դրանով»,– ավելացրեց Բաղյանը։

Ըստ նրա` Հայաստանն ընթացիկ տարվա ընթացքում նաև ձեռք կբերի 257 գլուխ ցեղական անասուն, որոնք կներկրվեն հանրապետություն հունիս–հուլիսին։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2013 թվականի արդյունքներով կազմել է 671 հազար գլուխ, ոչխարի և այծերի գլխաքանակը` 705 հազար գլուխ, իսկ խոզերի գլխաքանակը կազմել է 145 հազար գլուխ։ -0-