Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվի ռուսական «Գազպրոմին»

20.12.2013, 17:40
Խորհրդարանում անցկացվող արտահերթ նիստի ընթացքում իշխող կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Հայաստանի կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելուն, ԱԺ–ից հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
Կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվի ռուսական «Գազպրոմին»
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խորհրդարանում անցկացվող արտահերթ նիստի ընթացքում իշխող կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Հայաստանի կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելուն, ԱԺ–ից հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից հետո։ Համաձայնագրին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը

Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարոււթյանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։  

Իշխող ՀՀԿ–ից պատգամավոր Մանվել Բադեյանը մեղադրեց կառավարությանը խախտումներ կատարելու մեջ։

«Էներգետիկայի նախարարությունը հայտարարում է, որ «ՀայՌուսգազարդը» 2011 թ.–ից գազ է գնել ավելի բարձր գնով, սակայն բնակչությունը գազը ստացել է նախկին սակագնով։ Ստացվում է, որ ընկերությունն աշխատել է վնասով, սակայն միաժամանակ եկամտահա՞րկ է վճարել։ Այստեղ ինչ–որ բան չի համընկնում», – հայտարարեց պատգամավորը։

Բադեյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ իրավունքով է կառավարությունը միջամտում տնտեսվարող սուբյեկտի կողմից վաճառվող գազի գնի ձևավորման հարցում։

ՀՀԿ–ից պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր հերթին նշեց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցումը լավ գործարք կլիներ, «եթե մենք սեփականություն չկորցնեինք»։

«Եթե մեզ ստիպել են ստորագրել, ապա սա արդեն այլ հարց է։ Եկեք չքննարկենք, այլ պարզապես ստորագրենք։ Սակայն եթե մեզ չեն ստիպել, ապա մենք պետք է այդ 300 մլն դոլարը գտնելու այլ ճանապարհներ գտնեինք», – ասաց նա։

Դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել կուտակված պարտքերի մարման դիմաց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը 156 մլն դոլարով վաճառելու մասին։ Ինչպես պարզաբանել է էներգետիկայի նախարարը, 300 մլն դոլարի պարտքը կուտակվել է 2011–2013 թթ.–ին  նախկին գնով (հազար խորանարդ մետրի դիմաց` 180 դոլար, չնայած սակագնի փաստացի բարձրացմանը) գազասպառման դիմաց վճարի մասին ռուսական կողմի հետ պայմանավորվածության արդյունքում։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարում է հայկական կողմը, իսկ պարտքի երկրորդ մասը վճարվում է ռուսական գործընկերոջ կողմից։

Համաձայնագրի նախագծի համաձայն, ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Գազպրոմը» 2014–2018 թթ.–ին Հայաստան կմատակարարի տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացման հետ կապված գնի բանաձևին համաձայն։ 2012 թ.–ին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 1,7 մլրդ խորանարտ մետր գազ։–0–