Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Նավթի համաշխարհային գները նվազել են Եվրախմբի նիստի արդյունքներին սպասելու պատճառով

22.01.2013, 11:11
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հունվարի 21–ի առուվաճառքների արդյունքում նվազել են Եվրախմբի նիստի վերջնական արդյունքներին սպասելու ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հունվարի 21–ի առուվաճառքների արդյունքում նվազել են Եվրախմբի նիստի վերջնական արդյունքներին սպասելու ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտ ամսի ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 0.18 դոլարով` բարելի դիմաց կազմելով 111.71 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0.51 դոլարով` բարելի դիմաց կազմելով 95.05 դոլար։

Երկուշաբթի ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները հավանություն են տվել Իսպանիային ֆինանսական օգնության` 1.865 միլիարդ եվրոյի երկրորդ տրանշի տրամադրմանը։ Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հունվարի 28–ին` Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի կառավարիչների խորհրդի կողմից։ Ֆինանսական օգնության երկրորդ տրանշը ենթադրում է կոշտ տնտեսման շարունակություն, ինչպես նաև Իսպանիայի բանկային համակարգի «կեղտոտ» ակտիվների բաժնեմասի զգալի նվազում։ Բացի այդ, կքննարկվի նաև Իսպանիայի բանկի անմիջական վերակապիտալիզացիայի հնարավորությունը։

Եվրախումբը պետք է դեռ մի շարք հարցեր լուծի։ Մասնավորապես, երեքշաբթի նշանակված են Եվրախմբի նոր նախագահի ընտրությունները։ Գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերի պաշտոնին հավակնում է միայն մեկ թեկնածու` Նիդեռլանդների ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը։ Նոր ղեկավարի ընտրությունից հետո ծրագրվում է քննարկել Կիպրոսի և Հունաստանի իրավիճակի ֆինանսական դրությունը։