Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԱՀ ԱԳՆ. բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը

16.10.2017, 20:11
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
ԱՀ ԱԳՆ. բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։

Սարգսյան–Ալիև հանդիպումը կայացել է այսօր Ժնևում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով։ Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը», – նշվում է ԱՀ ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։

«Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ», – ասված է հայտարարության մեջ։

Նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-