ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուժեղացված դիտարկում է իրականացնելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն:
ԵԱՀԿ դիտարկումն անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0–