Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում:
«Գնային այն քաղաքականությունը, որը մեզ առաջարկում է մեր ռազմավարական դաշնակիցը, հնարավոր է միայն բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերությունների դեպքում: Մենք կարող ենք պայմանագրեր կնքել շատ շահավետ պայմաններով»,- ասաց Սարգսյանը:
Նա կարևորեց Ռուսաստանի դերը Հայաստանի համար և հայտնեց, որ չնայած ամեն տեսակի լուրերի, ՌԴ-ն շարունակում է մնալ ռազմավարական դաշնակից: Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը չպետք է մնա ռազմական գործակցության միակ ուղղությունը
«Ես այցելեցի Հունաստան, որը մեծ մասնակցություն է ունեցել Հայաստանի զինված ուժերի կայացմանը: Նաև այցեր կայացել Իրան և Վրաստան, իսկ վերջերս (սեպտեմբերի սկզբին) պաշտոնական այցով մեկնել եմ Չինաստան»,- ասաց Սարգսյանը:
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:05 18.09.2017