Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Զախարովա. ԼՂ հակամարտության գոտում հետագա արյունահեղությունն անընդունելի է

06.07.2017, 14:09
ՌԴ–ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրությունը կայունացնելու համար։
Զախարովա. ԼՂ հակամարտության գոտում հետագա արյունահեղությունն անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրությունը կայունացնելու համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով օրերս հակամարտության գոտում գրանցված լարվածության աճին։  

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում հետագա արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

«Հուլիսի 4-ի երեկոյան զորքերի շփման գծում տեղի է ունեցել հրադադարի հերթական խախտումը, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և երեխաների շրջանում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին, անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակի կայունացման համար», - ասել է Զախարովան:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով միլիմետրանոց ականանետեր, հակատանկային նռնականետեր։

Երեկոյան ժամը 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:-0–