Դատաբժշկական եզրակացություն. ապրիլյան պատերազմի ժամանակ 30-ամյա հայ մայորը գլխատվել է կենդանության օրոք

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է զինված ընդհարումների ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել այս տարվա ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները, որոնց արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՔԿ–ն տեղեկացնում է, որ առայժմ ստացվել են թվով 7 զինծառայողների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնցով փաստվում են հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները։
«Թիվ 0411/20 եզրակացությամբ փաստվել է, որ 30-ամյա հայ մայորը գլխատվել է կենդանության օրոք. գլխի վնասվածքային հատումը պարանոցի 5-րդ ողի մակարդակից (դեկապիտացիա) կատարվել է սուր կտրող գործիքի ներգործությամբ կենդանության օրոք, ինչը հանգեցրել է մահվան։ Կենդանության օրոք են նաև մասնահատվել մայորի զույգ դաստակները», – նշվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Դիակի դիահերձմանը, քննիչի գրավոր թույլտվությամբ, ներկա են գտնվել նաև մայորի հայրը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դատաբժշկական տարածաշրջանային համակարգողը:
«Թիվ 034/1 և թիվ 02 փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ևս երկու հայ զինծառայողների գլխատումն իրականացվել է հետմահու», – նշվում է հաղորդագրության մեջ։
Այսպես՝ ըստ թիվ 034/1 եզրակացության՝ շարքային զինծառայողի մահը վրա է հասել հեմոռագիկ, տրավմատիկ շոկից և գլխուղեղի արյունազեղումներից, որոնք հետևանք են մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունային-բեկորային, հրազենային վիրավորումների։
«Գլխի անջատումը մարմնից իրականացվել է պարանոցի վերին հատվածը կտրող գործիքով կտրելու միջոցով՝ տուժողի մահից հետո», – նշվում է հաղորդագրության մեջ։
Թիվ 02 եզրակացության համաձայն՝ պայմանագրային 68-ամյա զինծառայողի մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Գլխի պարանոցի ստորին երրորդի մակարդակով տրավմատիկ գլխատումը (ամպուտարիա) իրականացվել է համեմատաբար մեծ զանգված ունեցող սուր կտրող գործիքների ներգործության հետևանքով՝ տուժողի մահից հետո։
ՔԿ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 20-ամյա կրտսեր սերժանտի ձախ ականջախեցու՝ հիմքից և աջ ականջախեցու մասնակի, մայորի, ավագ լեյտենանտի և փոխգնդապետի զույգ ականջախեցիները հատվել են հետմահու:
«Մյուս զինծառայողների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», – նշվում է ՔԿ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ –0-