Рейтинг@Mail.ru
USD
365.16
EUR
427.31
RUB
4.3711
GEL
139.82
2026 թ. օգոստոսի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Եվրոպան Հայաստանի նկատմամբ բարյացակամ է և հասկանում է երկրի իրավիճակի բացառիկ լինելը. դիվանագետ

16.10.2013, 15:57
Եվրամիությունն ու եվրոպական երկրները բարյացակամ են տրամադրված Հայաստանի նկատմամբ և հասկանում են երկրի իրավիճակի բացառիկ լինելը, հայտարարեց Չեխիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը։
Եվրոպան Հայաստանի նկատմամբ բարյացակամ է և հասկանում է երկրի իրավիճակի բացառիկ լինելը. դիվանագետ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունն ու եվրոպական երկրները բարյացակամ են տրամադրված Հայաստանի նկատմամբ և հասկանում են երկրի իրավիճակի բացառիկ լինելը, հայտարարեց Չեխիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը։

«Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում տիրող մթնոլորտը շատ բարյացակամ և բարեկամական է, մարդիկ լավ հասկանում են ձեր իրավիճակի բացառիկությունը, և մթնոլորտն այնպիսին է, որ պետք է Հայաստանը մեր կողքին պահել։ Բայց նախկին վիճակը չի կարող լինել»,– չորեքշաբթի Երևանում ասաց նա «Արևելյան գործընկերության չորս տարիները։ Արդյունքներ և մարտահրավերներ. Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների հայացքները» համաժողովի բացմանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքներով հայտարարվել է ՄՄ–ին Հայաստանի միացման և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կստորագրի Եվրամիության հետ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում, որի նպատակը ԵՄ–ի մերձեցումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ։

Մարեշի խոսքով` ԵՄ–ում այժմ փորձում են վերլուծել իրավիճակը, և գրեթե ամեն օր Հայաստանի խնդրին նվիրված ժողովներ են անցնում։

«Դեռևս վերջնական եզրակացություն չկա, բայց մի բան հաստատ է` սա գործընթացի նորմալ զարգացում չէ։ Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվել։ Դուք լուրջ որոշում եք կայացրել, և գնդակը ներկայում ձեր կիսադաշտում է, իսկ մենք դեռ չենք որոշել, թե ինչպես պատասխան խաղ ցույց տալ գնդակով»,– նշեց նա։

Մարեշն ավելացրեց նաև, որ ԵՄ–ն պատրաստ չէ և չի խաղա աշխարհաքաղաքական խաղեր։ «Խաղերի նկատմամբ վերջնական զրոյական արդյունքով մոտեցումը չի համապատասխանում Հայաստանի և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների պատկերացումներին, ապագայի, «Արևելյան գործընկերության» մեր պատկերացումներին»,– ասաց նա։

Ըստ հատուկ դեսպանորդի, Եվրոպայում վստահ են, որ աշխարհաքաղաքականությունը և վերջնական զրոյական արդյունքով խաղերը մնացել են անցյալում, քանի որ աշխարհաքաղաքականությունը միշտ վերաբերում է ինչ–որ կենտրոնի և ծայրամասի հարաբերությունների։

«Արևելյան գործընկերության չորս տարիները։ Արդյունքներ և մարտահրավերներ. Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների հայացքները» համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Չեխիայի դեսպանության և Գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից։
-0-