ՀՐԱՏԱՊ. ՀՀ վարչապետը հրաժարական տվեց
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրաժարական տվեց։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Ավելի վաղ France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Հարցազրույցում նա նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի 10–ին։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։
Հոկտեմբերի 8–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Ըստ հուշագրի, ԲՀԿ–ն պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածու։
Հոկտեմբերի 9–ին ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 16–ին հայտարարել է, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել։–0–