Տեղամասային հանձնաժողովների մոտ 16 հազ. անդամ ներգրավված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում քվեարկելու համար կիրակի ժամը 08։00–ին բացված ընտրական տեղամասերում ներգրավված է ընտրական հանձնաժողովների 15976 անդամ, ուղիղ եթերում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ–ի մամուլի կենտրոնից։
«Այսօր առավոտյան չի ներկայացել հանձնաժողովի 141 անդամ։ Սահմանված կարգի համաձայն` համապատասխան ընտրական հանձնաժողովների նախագահները նրանց փոխարեն նշանակել են այլ անձանց», – տեղեկացրեց նա։
Մուկուչյանը նշեց, որ հանրապետության տարածքում ձևավորվել է 197 ընտրատեղամաս և նույնքան ընտրական հանձնաժողով։
«Նված տեղամասերից ութը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, նրանցից մեկը, ԿԸՀ–ի որոշմամբ, կբացվի ժամը 11։00–ին, իսկ մնացածը` 17։00–ին։ Մնացած 1989 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00–ին և ընդունել առաջին քվեարկողներին», – տեղեկացրեց նա։
Մուկուչյանի խոսքով` ընտրատեղամասերի մոտ 85–90 տոկոսում առավոտվանից արդեն ներկա էին վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։
«Այսպիսով, գործընթացի հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովված է», – նշեց նա։
Ըստ կանոնակարգի` ԿԸՀ–ն 12։00–ից երեքժամյա պարբերականությամբ մինչև 21։00–ն հրապարակելու է հանրաքվեին մասնակցած քաղաքացիների թվի մասին տվյալներ։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։
Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–