ԱԳ նախարար․ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ–ռուսական հարաբերությունների լարվածությունն արհեստական է՝ նշելով, որ դրանք որոշակի առողջացման կարիք ունեն։
«Մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո հատկապես մեր ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում կարող ենք հարաբերությունները և առողջացնել, և քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկկողմ հարաբերություններում լինում են ժամանակ առ ժամանակ, նաև գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն և Հայաստանի Հանրապետությանը, և Ռուսաստանի Դաշնությանը», – ասաց նա այսօր քվեարկությունից հետո։
Նրա խոսքով, «ռուսաստանցի գործընկերները պետք է ինչպես մենք իրենց, այնպես էլ իրենք մեր ինքնիշխանությանը և ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն և ավելի կառուցողական մոտեցում ունենան»։
Դեպի ՌԴ հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ որպես պատճառ նշելով «ԵԱՏՄ և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջների հաճախակի դարձած խախտումները»։ Սահմանափակումները մայիսի 22-ից անդրադարձել են ծաղկային և պարենային արտադրանքին, մայիսի 30-ից՝ թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին, հունիսի 2-ից՝ թարմ խաղողին և կորիզավոր պտուղներին (բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի և նեկտարինի), հունիսի 3-ից՝ հնդավոր մշակաբույսերի պտուղներին, սմբուկին, կարտոֆիլին և չորացրած մրգերին։
Ռոսսելխոզնադզորում նաև հայտարարել են, որ հունիսի 2-ից Հայաստանին անհրաժեշտ է կասեցնել կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը դեպի ռուսաստանյան ստացողներ հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ տեսչական ստուգում անցած երկու ձեռնարկությունների։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։