Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը Աժ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչպես անել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի և հարցեր քննարկի։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հանձնաժողովը պետք է լուծարել։
«Այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատն այլևս չեղարկելու հարցը, քանի որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի և նման կարգավիճակ որևէ մեկն այլևս չունի»,- հավելեց նա։
Սիմոնյանը նշեց՝ հավանական նիստի պարագայում չգիտի՝ ում հետ քննարկում ծավալի։
Մինասյանը հակադարձեց՝ անձը չի որոշում՝ ֆորմատը չեղարկել, թե ոչ, դրա համար կան ինստիտուտներ։
«Դուք պարտավոր եք օրենքով առաջնորդվել, ձեր պարտավորությունն է՝ իրավական ակտերով շարժվել, մնացյալն անգործություն կամ պարտականությունները կատարելուց հրաժարումն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Սիմոնյանն իր հերթին նշեց՝ իրավական ընթացք տալու համար համապատասխան հիմնավորումներ են պետք, որոնք չկան, քանի որ Արցախն ինքն իրեն լուծարել է պաշտոնյաների որոշմամբ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:14 09.09.2024