Հայաստանն առայժմ շարունակում է դիվանագիտորեն լուծել խոցված ինքնաթիռի հետ կապված իրավիճակը. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հետ կապված իրավիճակը հայկական կողմն առայժմ ջանում է լուծել դիվանագիտորեն, հինգշաթի լրագրողների ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Եթե դիվանագիտական տարբերակը չգործի, մենք ուրիշ տարբերակներ էլ ունենք»,– ասաց նախարարը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական ուղղաթիռը խոցելը նախապես մշակված սադրանք էր։
«Ուղղաթիռը խոցվել է ուսումնական թռիչքի ժամանակ մեր տարածքում։ Դա միջազգային բոլոր նորմերի խախտում է։ Նրանք գիտեին զորավարժությունների մասին, և բնական է, որ այդ ժամանակ ռազմական պատրաստվածության մակարդակը բարձրանում է։ Կարծում եմ, որ ուղղաթիռը խոցելու հրամանը նախօրոք էր տրվել»,– ասաց Օհանյանը։
Նախարարը կարծում է, որ վերջին տարիներին նման գործողությունները սադրանքներ են, որոնք ուղղված են բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքի ուժեղացմանը։
Մեկնաբանելով ԶԼՄ–ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ադրբեջանական կողմը կցանկանար զոհված օդաչուների դիակները փոխանակել հայկական ԶՈՒ–ի գերության մեջ գտնվող ադրբեջանական դիվերսիոն–հետախուզական խմբի անդամների հետ, նախարարն ընդգծեց, որ դիվերսանտները քրեական հանցագործներ են և պետք է պատիժ կրեն։
Նոյեմբերի 12–ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինվորականները շփման գծում խոցել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:01 20.11.2014