Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Նացիզմը թափ է հավաքում և ավելի շատ նոր կողմնակիցներ և հովանավորներ է գտնում. ՌԴ դեսպան

09.04.2015, 17:01
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ նացիզմն այսօր թափ է հավաքում և ավելի շատ նոր կողմնակիցներ և հովանավորներ է գտնում։
Նացիզմը թափ է հավաքում և ավելի շատ նոր կողմնակիցներ և հովանավորներ է գտնում. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ նացիզմն այսօր թափ է հավաքում և ավելի շատ նոր կողմնակիցներ և հովանավորներ է գտնում։

«Ընդամենը 70 տարի է անցել այն ժամանակից, երբ Խորհրդային բանակը հաղթական շքերթով անցավ Կարմիր հրապարակով` Կրեմլի պատերի տակ նետելով պարտված թշնամու դրոշները։ Այդ ժամանակ թվում էր, թե նացիզմի, շովինիզմի, կրոնական և ռասայական խտրականության գաղափարները վերջնականապես պարտություն կրեցին և արմատախիլ արվեցին», – ասաց Վոլինկինը հինգշաբթի Երևանում Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված «Մեծ հաղթանակ. ընդհանուր սեփականություն և ժողովուրդների հիշողություն» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Նրա խոսքերով, ցավոք, այսօր մենք բոլորս այն բանի վկաներն ենք, թե ինչպես է այս «շագանակագույն ժանտախտը» կրկին թափ հավաքում, գտնում կողմնակիցներ և հովանավորներ։

«Շատ լավ հասկանում ենք, որ մեր ամերիկացի և որոշ արևմտյան գործընկերների կողմից հետևողական աջակցությունը Մերձբալթիկայում` նեոնացիստներին, Ուկրաինայում` նեոբանդերականներին, իրականում հեռու գնացող ծրագրեր ունի`ապակայունացնել Եվրոպայում և Ռուսաստանի սահմանների մոտ տիրող իրավիճակը, խզել սերտ պատմամշակութային և տնտեսական կապերը, խախտել ուժերի հավասարակշռությունը, միմյանց դեմ սրել ժողովուրդներին, որոնք դարեր շարունակ ապրել են հաշտ ու համերաշխ», – ասաց Վոլինկինը։

Նա նշեց, որ չխորշելով սեփական նպատակներին հասնելու որևէ միջոցից` հասարակությանը կոպտորեն պարտադրվում են կեղծ արժեքներ, հիշողությունից հանվում են համատեղ հերոսական անցյալի շերտեր, խմբագրվում է պատմությունը,  ու փորձեր են արվում դաստիարակել նոր սերունդը ռուսատյացության և ատելության գաղափարների վրա։

«Այս վնասակար և քայքայիչ քաղաքականության զոհեր են արդեն դարձել հազարավոր խաղաղ բնակիչներ և քաղաքացիներ Դոնբասում և Լուգանշչինում։ Հայրենական պատերազմն ու այդ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակը սուրբ թեմաներ են։ Դրանք տարբեր ժողովուրդների և ազգությունների միասնական ձգտման օրինակ են` ընդհանուր նպատակին` Հայրենիքի պաշտպանությանն և ազատությանը հասնելու նպատակով, այդ պատճառով մենք սրբորեն պահպանելու ենք այդ պատերազմի մասին հիշողությունն ու դիմակայելու ենք այդ հաղթանակի նշանակությունը փոքրացնելու և պատմությունը խմբագրելու ցանկացած փորձի», – ասաց Վոլինկինը։

Այս համատեքստում ՌԴ դեսպանը մեծ հույսեր կապում երիտասարդների հետ։ «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք Հայրենական պատերազմի հետ կապված արդիական հարցերը, հիշենք, թե ինչ գնով են հակահիտլերյան կոալիցիայի երկրները հասել հաղթանակի, հարգանքի տուրք մատուցենք ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների մարդատյաց քաղաքականության հետևանքով զոհված միլիոնավոր մարդկանց», – ասաց Վոլինկինը։

Ռուս–հայկական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին նշեց, որ եթե ինչ–որ մեկի համար եկել է պատմությունը վերաիմաստավորելու պահը, ապա Հայաստանի քաղաքացիների համար երբեք չի հնչել այն հարցը, թե ինչ դեր են խաղացել հայերը այս պատերազմում, ինչ դերակատարություն է ունեցել այս պատերազմը հայ ժողովրդի կյանքում։

«Այն մեզ համար Հայրենական պատերազմ էր, և մենք գիտակցել ենք մեր հայրենիքի, Խորհրդային Միության և աշխարհի առջև ունեցած հսկայական պատասխանատվությունը նացիզմի վտանգից ազատելու հարցում։ Մենք վճռականորեն կողմ ենք, որպեսզի պատմությունը չվերափոխվի, անհրաժեշտ է ճշմարտությունը ճշմարտություն կոչել։ Հպարտ ենք մեծ, ողբերգական և հաղթական պատերազմի պատմությամբ, որը մեծապես որոշեց մեր հաղթական ոգին», – ասաց Դարբինյանը։–0–