ՄՄ-ին միանալու գործընթացը թույլ տվեց Հայաստանին, որ խուսափի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների մասնակցությունից
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՄՄ-ին միանալու գործընթացը թույլ տվեց Հայաստանին, որ խուսափի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների մասնակցությունից, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցության պայմանագիր ստորագրած Վրաստանին այժմ ստիպում են միանալ Ռուսաստանի դեմ գործադրվող պատժամիջոցներին: Թեև դա հակասում է երկրի տնտեսական շահերին, և Վրաստանը փորձում է խուսափել դրանից, հավանականություն կա, որ Թբիլիսին ամեն դեպքում ստիպված կլինի անել դա», - կարծում է քաղաքագետը:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Այդ նիստի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:
ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։
Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ապագայում Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ կդառնա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:18 12.08.2014