Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերին Փարիզում. ԱԳՆ

16.09.2014, 18:30
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` ամփոփելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպումը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերին Փարիզում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից` ամփոփելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպումը։

«Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր»,– նշված է  հաղորդագրության մեջ։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր են փոխանակել սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։

Զրուցակիցները կարևորել են հոկտեմբերին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-