100 տարի առաջ հայերի դաժան ոչնչացումը կորուստ էր ողջ աշխարհի համար. Յագլանդ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. 100 տարի առաջ հայերի դաժան ոչնչացումը կորուստ էր ողջ աշխարհի համար, ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը`ելույթ ունենալով Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի ժամանակ։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա ֆորումն անցկացվում է Երևանում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ֆորումին մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 600 ներկայացուցիչ։
«100 տարի առաջ բազմաթիվ հայեր զրկվեցին իրենց ներուժն իրագործելու հնարավորությունից, ենթարկվեցին դաժան ոչնչացման։ Սա ոչ միայն կորուստ էր հայերի, այլ նաև ողջ աշխարհի համար», –ասել է Յագլանդը։
Նրա խոսքով` բոլոր երկրները պարտականություններ ունեն մարդու իրավունքների դաժան խախտումների կանխման հարցում, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի նրանց։
«Եթե նրանք դա անել չեն կարող կամ չեն ցանկանում, ապա մենք պետք է միջամտենք, մարդկանց օգնություն տրամադրենք հումանիզմի հիման վրա», – ասել է Յագլանդը։
Ֆորումի համանախագահներն են հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, ՌԴ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, բարոնուհի Քերոլայն Քոքսը (Մեծ Բրիտանիա)։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:04 22.04.2015