Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ

Ինչպես հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է հիմնել դենդրոպարկ աստղադիտարանի տարածքում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այցելության նպատակը գիտական կենտրոնի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկն էր:
Մինասյանը շրջայց է կատարել Բյուրականի աստղադիտարանի տարածքում, ծանոթացել պուրակի ներկա վիճակին: Նախարարին ներկայացվել է նաև մեծ աստղադիտակի աշխատանքը:
Աստղադիտարանի տնօրինությունը դեռևս 2010 թվականին հանդես էր եկել իրեն պատկանող տարածքներում դենդրոպարկ հիմնելու նախաձեռնությամբ: Առաջարկի մասին տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել էր օպերատիվ գործողություններ սկսել այդ ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Աստղադիտարանի 50 հա տարածքը հարուստ է բույսերով և կենդանիներով, և դրանց տեսակների ավելացումը կարևոր է ազգային արժեք համարվող աստղադիտարանի համար, ինչ նպատակով էլ առաջարկել են ստեղծել դենդրոպարկը:
«Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նկատել է Արծվիկ Մինասյանը։
Նախարարը տեղում պատասխանատու ստրաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մեկշաբաթյան ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր:–0–