Рейтинг@Mail.ru
USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Լռության գինը․ ինչպես են անհետացող հաճախորդները քանդում հայկական շուկան

Այսօր, 16:47
Նորմալ չէ թիմից վերցնել ժամանակը, ուշադրությունը, գաղափարները, վերլուծությունը և պարզապես անհետանալ
Լռության գինը․ ինչպես են անհետացող հաճախորդները քանդում հայկական շուկան

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ցանկացած շուկայում գործարքը կարող է չկայանալ։ Հաճախորդն իրավունք ունի փոխել միտքը, կրճատել բյուջեն, ընտրել այլ կատարողի կամ ընդհանրապես հրաժարվել նախագծից, դա նորմալ է։ Նորմալ չէ մեկ այլ բան՝ թիմից վերցնել ժամանակը, ուշադրությունը, գաղափարները, վերլուծությունը և պարզապես անհետանալ։

Վերջին շրջանում մենք բազմաթիվ անգամ բախվել ենք հենց այս սցենարին. հանդիպումներ, խնդիրների քննարկում, տեխնիկական առաջադրանք, հայեցակարգի մշակում, լուծման ներկայացում, իսկ հետո՝ լռություն։ Առանց պատասխանի, առանց որոշման, առանց տարրական հետադարձ կապի։

Վերջերս տեղի ունեցած դեպքերից մեկը հատկանշական է։ Հաճախորդը մեզանից խնդրեց նախագծի ծավալուն հայեցակարգ՝ շուկայի վերլուծությամբ, լուծման ճարտարապետության տարբերակներով և բյուջեի նախնական գնահատմամբ։ Երկու շաբաթ նամակագրություն, երեք զանգ, տասներկու էջանոց պատրաստի փաստաթուղթ։ Շնորհանդեսից հետո՝ «շնորհակալություն, կնայենք և կվերադառնանք»։ Մենք պատասխան չստացանք ոչ մի շաբաթ, ոչ էլ մեկ ամիս անց։ Ոչ թե մերժում, ոչ թե դադար, ոչ թե ժամկետների տեղափոխում, պարզապես կոնտակտի զրոյացում, կարծես խոսակցություն չի էլ եղել։ Բուն հայեցակարգն ու բյուջեի գնահատականները պատրաստի աշխատանքային նյութեր են, որոնցից տեսականորեն կարելի է օգտվել նաև առանց մեզ։

Կենցաղային մակարդակում սա հեշտ է վերագրել աշխատանքային վազվզուքին. չպայմանավորվեցինք,ուրեմն՝ չպայմանավորվեցինք։ Բայց նման պատմությունները խոսում են ոչ միայն կոնկրետ հաճախորդի մասին։ Դրանք խոսում են այն կանոնների մասին, որոնցով շուկան սովորում է ապրել։

Հարցն այստեղ բուն մերժումը չէ, այլ այն, թե ինչպես է ձևակերպվում մերժումն այն բանից հետո, երբ ինչ-որ մեկի ինտելեկտուալ աշխատանքն արդեն արված է։ Ասել «ոչ» նորմալ է։ Նախագիծն ընդմիջելը նորմալ է։ Հայտնել, որ ընտրել եք այլ լուծում նորմալ է, նույնիսկ եթե դա տհաճ ճշմարտություն է։ Նորմալ չէ լռությունը, որի հետևում մի պարզ միտք է. ուրիշի ժամանակը կարելի է խլել, բայց պարտադիր չէ հարգել։

Սա հատկապես ցավոտ է այնտեղ, որտեղ պրոդուկտը ստեղծվում է ոչ թե ձեռքերով, այլ գլխով՝ վերլուծության, տրամաբանության, լուծման սցենարի, հաղորդակցության ճարտարապետության մեջ։ Նման աշխատանքը մինչ օրս հաճախ ընկալվում է որպես միջանկյալ և ոչ պարտադիր․ կարծես մինչև ստորագրված պայմանագիրն աշխատանք չի եղել։ Սա ինքնախաբեություն է։ Բազմաթիվ ինտելեկտուալ ոլորտներում արժեքի զգալի մասը ձևավորվում է նախագծի մեկնարկից շատ առաջ, երբ թիմն արդեն մտածում է, հավաքում և ձևակերպում է լուծումը կոնկրետ խնդրի համար։

Երբ դրանից հետո լռություն է, խնդիրն այլևս չի հանգում անդաստիարակությանը։ Սա շուկայական ազդանշան է. փորձագիտությունն ընկալվում է որպես անվճար ծախսանյութ, այլ ոչ թե աշխատանք՝ իր գնով, սահմաններով և արժանապատվությամբ։

Ինչու է դա տեղի ունենում

Առաջին պատճառը գործարար հաղորդակցման թույլ հմտությունն է։ Հաճախորդների մի մասի համար վերջնական պատասխանը նախկինի պես գործընթացի պարտադիր մաս չէ. բանակցությունները կարծես կարելի է բաց թողնել, նույնիսկ եթե մյուս կողմն արդեն ռեսուրսներ է ներդրել դրանց մեջ։

Երկրորդ պատճառն անհարմար բաներն ուղղակիորեն ասելու անկարողությունն է։ Շատերի համար անհետանալն ավելի հեշտ է, քան կարճ «շնորհակալություն, մենք չենք շարունակում» գրելը։ Բայց անհարմարությունից խուսափելը չի նշանակում հաղորդակցությունն ավելի մեղմ դարձնել։

Երրորդ պատճառն ամենատհաճն է։ Շուկայում դեռ կենդանի է այն պատկերացումը, որ մուտքի մոտ ինտելեկտուալ աշխատանքը կարելի է ստանալ գրեթե անվճար՝ հավաքել գաղափարները, նայել տրամաբանությունը, քաղել պատրաստի կառուցվածքի սերուցքը և անհետանալ։ Սա այլևս կազմակերպվածության բացակայության մասին չէ, սա ուրիշի աշխատանքի հանդեպ վերաբերմունքի մասին է։

Ավելի լայն ազդեցություն

Երբ նման պրակտիկաները կրկնվում են, դրանք փոխում են ոչ միայն կատարողների տրամադրությունը, այլ փոխում են հենց շուկան։ Թիմերը սկսում են ավելի զգույշ ներդրում անել նախնական մշակման մեջ, ավելի վաղ են սահմանափակումներ դնում, ավելի քիչ են կիսվում խորությամբ մինչև պաշտոնական հաստատումը։ Աճում է անվստահությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ համագործակցության մուտքի արժեքը։ Այս ամենի հետևանքով պարտվում են բոլորը՝ կատարողները, հաճախորդները և հենց շուկան, որը դառնում է պակաս հասուն և պակաս արդյունավետ։

Փոքր գործարար միջավայրի համար սա հատկապես զգայուն է. այնտեղ, որտեղ շուկան նեղ է, հեղինակությունը և կրկնակի կոնտակտներն ավելին են, քան խոշոր անանուն համակարգերում։ Ուստի պատասխանի մշակույթը քաղաքավարության հարց չէ, այլ՝ վստահության ենթակառուցվածքի մաս։

Մեր մոտեցումը

Մեր աշխատանքում մենք հավատարիմ ենք գործընկերների հանդեպ առավելագույն վստահության սկզբունքին. մշակում ենք համալիր գովազդային հատուկ նախագծեր «բանալին ձեռքին» (под ключ)՝ առանց կանխավճարի պատրաստման փուլում։ Սա գիտակցված ընտրություն է, որը մեզ վրա է դնում էական ռիսկեր և ռեսուրսատարություն. ստեղծագործական լուծման որոնումից և մեխանիկայի մշակումից մինչև պատրաստի հայեցակարգեր՝ ամբողջ ճանապարհը թիմն անցնում է լիովին ինքնուրույն՝ նախքան վերջնական համաձայնագրի ստորագրումը։

Համաշխարհային պրակտիկայում գաղափարների մշակումը և նախանախագծային վերլուծությունը վաղուց առանձնացել են որպես ինքնուրույն պրոդուկտ. գովազդատուները հաճախ վճարում են այս աշխատանքի համար՝ անկախ նրանից, թե արշավը կիրականացվի, թե ոչ։ Հայկական շուկայում նման պրակտիկան դեռ լայն տարածում չի գտել, իսկ ինտելեկտուալ աշխատանքի արժեքը հայեցակարգի մշակման փուլում ոչ միշտ է ընկալվում որպես նախագծի առանձին բաղադրիչ։

Հաշվի առնելով այս ռիսկերը՝ մենք ձգտում ենք ոչ միայն հաջողված արշավներ գործարկել, այլև աջակցել մեդիայի և բրենդների միջև փոխգործակցության ավելի հասուն ստանդարտին։

Ձևական պահանջները՝ դեպոզիտները, պայմանագրում տույժերի վերջնաժամկետները, փոքր շուկայում ռիսկ ունեն հակասելու հենց վստահության այս սկզբունքին և վանելու հաճախորդին դեռ աշխատանքը սկսելուց առաջ։ Բայց պատասխանի մշակույթը մենք ներդնելու ենք մեր սեփական գործընթացում՝ չշեղվելով դրանից և չառաջադրելով նոր պայմաններ հաճախորդին։ Օրինակ՝ չափաբաժնով տալ խորությունը, ոչ թե դրա համար վճար սահմանել. առաջին փուլում ցույց տալ սեղմ հայեցակարգը՝ առանց մանրամասն ճարտարապետության, հաշվարկների և բյուջեի թվերի, իսկ ամբողջական տարբերակը պատրաստել կողմերի միջև աշխատանքի շարունակության վերաբերյալ բանավոր հաստատումից հետո։

Գործարար էթիկան սկսվում է ոչ թե գործընկերության մասին բառերից։ Այն սկսվում է հարգանքի նվազագույն կարգապահությունից՝ պատասխանել նամակին, ֆիքսել որոշումը, սահմանել դադարը, փակել խոսակցությունը, եթե այն փակված չէ։ Սա բարի կամքի դրսևորում չէ, այլ մասնագիտական հասունության բազային ստանդարտ։

Լռությունը ստացված փորձագիտությունից հետո չեզոք դադար չէ։ Դա սովորություն է, որը փչացնում է շուկան։ Իսկ այնտեղ, որտեղ ուրիշի աշխատանքը հարմար է չնկատել, չի ձևավորվում ուժեղ բիզնես-միջավայր։

Կոնստանտին Պետրոսով

«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն