Հայաստանում խնդիրներ կլինեն առաջին անհրաժեշտության մթերքների թանկացման հետ կապված, բայց խուճապային գնումներն անտրամաբանական են. Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում կգրանցվեն արտաքին գնաճային ճնշումներ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների շուկայի վրա, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը CivilNet–ին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ կառավարությունը ԿԲ–ից ոչ պակաս մտահոգված է գնաճի հետ կապված ապագա սցենարով, քանի որ պարզ է, որ երկու խոշոր գյուղատնտեսական երկրների դիմակայության հետևանքով տարին վատ է լինելու գյուղատնտեսության համար, առնվազն Ուկրաինայում, խնդիրներ բացառված չեն նաև Ռուսաստանում։
«Մեր խնդիրն է հնարավորինս զսպել այդ գնաճը և ապահովել այնպիսի տնտեսական աճ, որպեսզի նույնիսկ բարձր գնաճի պայմաններում մարդկանց կյանքի որակը լավ լինի», – ասել է նախարարը։
Միաժամանակ Քերոբյանը հայտարարել է, որ անտրամաբանական են խուճապային գնումները, որոնք վերջին շրջանում նկատվում են Հայաստանում։
Հայաստանում սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի փետրվարին, 2021թ.–ի հունվարի համեմատ, կազմել է 6,5%։–0–