ԱԺ դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով նախատեսվում է հատկացնել 151,3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները:
«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7,1 մլրդ դրամ»,- ներկայացնելով 2025 թվականի բյուջեի նախագծով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները` նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններե միջոցառման համար նախատեսված է 6 մլրդ դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար` 1,3 մլն դրամ: Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով նախատեսվում է հատկացնել 151,3 մլն դրամ»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը եւ հավելել, որ այդ միջոցառման մասով նախորդ տարվա բյուջեի համեմատ գումարի ավելացումը պայմանավորված է Ազգային ժողովի համար ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համաֆինանսավորմամբ:
Զեկուցողի խոսքով միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով կհատկացվի 114,5 մլն դրամ: Այս համատեքստում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում պաշտոնապես ունի դիտորդի կարգավիճակ: «ԱՍԵԱՆ վեհաժողովի անդամակցության վճարը կազմում է 7,5 հազար եվրո, որը չի ներառվել մեր կողմից ներկայացված բյուջետային հայտում` փաստաթղթերի ներկայացման ժամկետներով պայմանավորված»,- հայտնել է Դավիթ Առաքելյանը:
«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներինե միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավմանը կուղղվի 257,6 մլն դրամ: Նախատեսվում է վերազինել ԱԺ լիագումար նիստերի ուղիղ եթերն ապահովող տեսախցիկները:
Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք աշխատանքներին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 97.4 մլն դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:
Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցությունից` զեկուցողը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցությունը կլինի շարունակական:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումները պատգամավորների եւ աշխատակազմի համար ժամանակակից աշխատանքային միջավայր ապահովելու տեսանկյունից: